«Առավել վտանգավոր է հատկապես Թուրքիայից ներկրվող «փրթված» թռչնամիսը, որը հիմնականում օգտագործում են արագ սննդի մեջ». Սերգեյ Ստեփանյան

ԼՂՀ ՍԱՊԾ պետ Լևոն Սարգսյանն օգոստոսի 29-ի նիստում հայտարարել էր, որ տեղական շուկա ներմուծված հավի միսը վտանգավոր է մարդու առողջության համար. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հանդիսանալով ԼՂՀ-ում սննդամթերքի ոլորտում վերահսկող լիազոր մարմին, համադրելով ունեցած տվյալները, հիմք համարելով ԼՂՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքի հոդված 2-ի 16 և 17-րդ կետերը, բացի ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրված հավի մսի և ենթամթերքի, ԼՂՀ շուկայում իրացվող այլ հավի մսի և ենթամթերքի մասով չի հավաստում մարդու կյանքի կամ առողջության կամ ապագա սերունդների կյանքի և առողջության վրա վնասակար ներգործության հետ կապված անընդունելի ռիսկի բացակայությունը»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ ՀՀ տարածք մուտք գործող թռչնամսի դեպքում հիվանդություններ չեն հայտնաբերվում, որովհետև լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվում. «Ներկրումների համար հարյուր անգամ ասել ենք, որ միասին դիտարկում անենք ներկրվող բեռնատարները, որովհետև չի պահվում այն ջերմաստիճանը, ինչ պետք է: Բեռնատարները պետք է գան -16 աստիճանով, բայց գալիս են -3 կամ -5 աստիճանով, թռչունն էլ բերում են այստեղ ու ոչ պաշտոնական մակարդակում տեղականի տակ վաճառում: Ներկրման ժամանակ հսկողությունը ՍԱՊԾ-ի վրա է, բայց խանութներ հասնելու ժամանակ մեղավոր գտնելը դժվար է»:

Նրա խոսքով՝ առավել վտանգավոր է հատկապես Թուրքիայից ներկրվող «փրթված» թռչնամիսը (trimmed meat). «Այդ թռչնամսի դեպքում նշված չէ դրա օգտագործման տեղն ու նպատակը, չի գրվում՝ ինչի համար է եկել: Դրանք մսի տեսակներ են, որոնք ոչ մի իրեն հարգող չի ընդունում, դրանք ոչ մի տեխնոլոգիայի չեն համապատասխանում: Դրանք կտորտանքներ են, որ կարող են հատակին ընկած լինել, որևէ տեխնոլոգիայի մնացորդ, ավելցուկ լինել, ոչ մի ստանդարտի չեն դասվում: Դա ոչ թե թափում են կամ երկրորդային կեր են սարքում, այլ, ցավոք, մեր նման երկրները գնում են, որովհետև շատ էժան է, ու հիմնականում օգտագործում են արագ սննդի մեջ: Շատ վտանգավոր է նաև աղացած միսը»:

Նա ընդգծեց՝ ԵՏՄ անդամ երկրներից էլ ներկրվում է որակապես ցածր ու աղաջրով մշակված միս. «Ռուսաստանից ներկրվում է ամբողջական թռչուն, որն աղաջրով «ինիեկցիա» է արված, ինչը 13-15 տոկոսով թռչնի քաշն ավելացնում է: Թարմ վիճակում այդ թռչունն իրացման ենթակա է 48 ժամվա ընթացքում: Դա հիմնականում գրիլների համար են օգտագործում»:

Տեսանյութեր

Լրահոս