Հայ-ղրղզական առևտրի մանրամասները
Մեր փոքրիկ հրապարակումը այն մասին, որ ԵՏՄ գործընկեր Ղրղզստանից Հայաստան ներմուծումը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է ընդամենը 10 դոլար, բուռն քննարկման առարկա դարձավ։
Հաշվի առնելով հնչած հարցերը՝ ինչ ենք ներմուծել, ինչ ենք արտահանել, ինչպես են փոխվել ցուցանիշները, մենք ավելի մանրամասն կանդրադառնանք այս թեմային։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներով, Ղրղզստանից Հայաստան, ինչպես նշել ենք, 2016 թվականի առաջին եռամսյակում ներմուծվել է մեկ անուն ապրանք՝ միայն 9405 կոդի ապրանք (լուսավորման սարքեր՝ ջահեր, լամպեր)՝ 10 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։
Արտահանումը նույն ժամանակահատվածում կազմել է 133.1 հազար դոլար։ Ընդ որում, 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ Հայաստանից Ղրղզստան արտահանումը նվազել է 9.1%-ով։ Այսինքն, ԵՏՄ անդամակցությունը երկկողմ առևտրի վրա որևէ դրական ազդեցություն չի թողել։
Իսկ ի՞նչ ենք արտահանել Ղրղզստան։
Արտահանման գլխավոր հոդվածը դեղամիջոցներն են (կոդ 3004)։ Պաշտոնական տվյալներով՝ 2016-ի հունվար-հունիսին Հայաստանից Ղրղզստան արտահանվել է 2 տոննա դեղամիջոց՝ 85769 դոլար մաքսային արժեքով։
Երկրորդ տեղում թունդ ալկոհոլային խմիչքներն են (2208 կոդ)։ Քառանիշ դասակարգումը թույլ չի տալիս կոնկրետ ասել՝ ինչ խմիչքի մասին է խոսքը, սակայն ամենայն հավանականությամբ խոսքը գնում է կոնյակի մասին։ Տարվա առաջին կիսամյակում արտահանել ենք 4020 լիտր բացարձակ սպիրտի պարունակությամբ ալկոհոլային խմիչք՝ 42210 դոլար մաքսային արժեքով։
Սրանք են արտահանման հիմնական հոդվածները։ Մյուս ապրանքատեսակների գծով արտահանման ծավալները չափազանց փոքր են։
Հաշվետու ժամանակահատվածում Ղրղզստան են արտահանվել էլեկտրական մեկուսիչներ՝ 2500 դոլար մաքսային արժեքով, էլեկտրական մեծությունների և ճառագայթման չափիչ սարքեր՝ 2335 դոլար, էլեկտրական հոսանքի կառավարման սարքավորումներ՝ 234 դոլար, կոսմետիկ և խնամքի միջոցներ՝ 96 դոլար մաքսային արժեքներով։