Բաժիններ՝

Անուղղակի խոստովանություն՝ շահութաբերության թվերի ետևում

Ինչ շահութաբերություն են ակնկալում հայաստանյան բանկերը՝ առաջիկա 3 տարիներին։ Այս հարցի շուրջ բանկերն իրենց պատկերացումները և կանխատեսումներն ունեն, որոնք արտացոլված են նրանց հեռանկարային զարգացման ծրագրերում։

Իսկ Կենտրոնական բանկը, ամփոփելով առևտրային բանկերի զարգացման ծրագրերը,  ներկայացրել է ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018 թթ. համար։

Առանձին ուղղություններին արդեն անդրադարձել ենք, այս անգամ կանգ կառնենք շահութաբերության կանխատեսումների վրա։

Այսպես, հիմնվելով հենց իրենց՝ բանկերի կանխատեսումների վրա, Կենտրոնական բանկը կանխատեսվող երեք տարիների միջին արդյունքներով՝ բանկերը բաժանել է մի քանի խմբի.

Կարդացեք նաև

ըստ ակտիվների շահութաբերության (ROA) մեծության՝

– 2.5% – 3.5% ROA ունեցող բանկեր՝ 5 բանկ,

– 1.5% – 2.5% ROA ունեցող բանկեր՝ 9 բանկ,

– 1.5% -ից ցածր ROA ունեցող բանկեր՝ 6 բանկ:

ըստ կապիտալի շահութաբերության (ROE) մեծության՝

– 11% – 16% ROE ունեցող բանկեր՝ 5 բանկ,

– 8% – 11% ROE ունեցող բանկեր՝ 5 բանկ,

– 8% -ից ցածր ROE ունեցող բանկեր՝ 9 բանկ:

Շահութաբերության ցուցանիշները վատ չեն. ինչպես երևում է՝ բանկերը վատ չեն տրամադրված ապագայի վերաբերյալ։ Սակայն այս թվերի ետևում իրականում մեկ այլ՝ շատ կարևոր ինֆորմացիա է թաքնված։

Նկատեցի՞ք արդյոք, որ ըստ զեկույցի՝ առաջիկա 3 տարիների ընթացքում խոսվում է թվով 20 բանկերի մասին։

Սա առնվազն տարօրինակ է։ Հայաստանում գործող 21 առևտրային բանկերից մեկը՝ ՊրոԿրեդիտը, այլևս գոյություն չունի (գնվել է Ինեկոբանկի կողմից)։ Եվս մեկ բանկ՝ ղազախական ԲՏԱ բանկը, Հայէկոնոմբանկին ձուլվելու փուլում է, և մինչև տարեվերջ ԲՏԱ-ի լիցենզիան կդադարեցվի։

Այսինքն՝ մինչև տարեվերջ գործող առևտրային բանկերի թիվը կնվազի մինչև 19-ի։

Հնարավոր է՝ ԿԲ-ն այստեղ հաշվի է առել նաև Համահայկական բանկը՝ նշելով 20 թիվը։ Սակայն այս դեպքում էլ հարցերը չեն փակվում։

Բանն այն է, որ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ՀՀ բանկերը իրենց ընդհանուր կապիտալի չափը պատք է համապատասխանեցնեն ԿԲ նոր պահանջին՝ 30 մլրդ դրամի։ Այս պահի դրությամբ, 30 մլրդ-ի պահանջին բավարարում են թվով 7 բանկերի։

Ըստ այդմ, ենթադրվում էր, որ գործող բանկերից մի քանիսը, որոնք չեն կարողանա ընդհանուր կապիտալը համալրել, կձուլվեն այլ բանկերի հետ կամ կվերածվեն վարկային կազմակերպությունների։

Ուշագրավն այն է, որ նոր միաձուլումների մասին բավականին թափանցիկ ակնարկել էր նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա այս տարվա մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովում ասել էր. «միաձուլումների այլ պրոցեսներ են սկսվում»։ Սակայն այդքանից ավելին փակագծերը չէր բացել՝ նշելով, որ այդ մասին կոռեկտ չէ խոսել:

Ստացվում է՝ կա՛մ պլանները փոխվել են, նոր միաձուլումներ չեն լինի և բանկերի թիվը կպահպանվի։ Կա՛մ էլ որոշ բանկերի փոխարեն հայաստանյան շուկա մուտք կգործեն նոր բանկեր։

Առավել հավանական է առաջին տարբերակը, որովհետև ԿԲ զեկույցը կազմված է հենց իրենց՝ ՀՀ շուկայում արդեն իսկ գործող բանկերի կանխատեսումների հիման վրա։ Իսկ նրանցից ոչ մեկ, դատելով այս փաստաթղթից, ՀՀ բանկային շուկայից հեռանալ չի պատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս