4 պատճառ, որոնք խանգարել են ՀՀ բանկերին
2015 թվականին ՀՀ առևտրային բանկերը հիմնականում կատարել են 2015-2017թթ. հեռանկարային զարգացման ծրագրերով (ՀԶԾ) նախատեսված խնդիրները։ Բացառություն են կազմում շահութաբերության և կապիտալի ցուցանիշները՝ կապված տարեվերջին անսպասելի տատանումներով։
Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018թթ. զեկույցում, որը կազմվել է ըստ առևտրային բանկերի 2016-2018թթ. հեռանկարային զարգացման ծրագրերի։ Զեկույցի հեղինակները հարկ են համարել նշել, որ բանկերի նպատակների և խնդիրների կատարողականի գնահատումը հաճախ դժվարանում է՝ վերջիններիս ոչ չափելի լինելու պատճառով։
Զեկույցում նշվում է, որ բանկային համակարգի ակտիվների 2015թ. փաստացի ցուցանիշները կանխատեսվածի համեմատ թերակատարվել են 1.3%-ով, իսկ պարտավորությունները՝ գերակատարվել 0.6%-ով։
Բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները թերակատարվել են. ըստ կապիտալի շահութաբերությունը (ROE) ծրագրվածից փոքր է եղել 9.9 տոկոսային կետով, իսկ ըստ ակտիվների շահութաբերության ցուցանիշը (ROA) կանխատեսվածի համեմատ թերակատարվել է 1.5%-ով։
ԿԲ մասնագետները նշում են, որ վճարահաշվարկային համակարգը բնութագրող ցուցանիշները, ի տարբերություն ֆինանսական վիճակը նկարագրող ցուցանիշների, ավելի դժվար է կանխատեսել, քանի որ դրանք ավելի քիչ են կախված բանկի ռազմավարական որոշումներից (ինչպես, օրինակ, վարկային ռազմավարությունը), որի հետևանքով դառնում են շատ անկանխատեսելի։
Որպես 2015թ. փաստացի ցուցանիշների ծրագրված ցուցանիշներից շեղման հիմնական պատճառներ ՀՀ առևտրային բանկերը առանձնացնում են հետևյալ գործոնները.
– շահույթի թերակատարում,
– վարկերի դանդաղ աճ,
– գործընկեր ֆինանսական կառույցների հետ համագործակցության չկանխատեսված զարգացումներ,
– վարկային պորտֆելի որակի վատացում։