
ՀՀ բանկերը պլանավորում են ավելացնել աշխատողների թիվն ու բարձրացնել աշխատավարձը

ՀՀ բանկային համակարգի աշխատակիցների թիվը 2016-2018թթ. կավելանա 7.5%-ով կամ 849 աշխատակցով (միջին տարեկան 2.4% աճ)՝ 2018 թվականի վերջին կազմելով 12223։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018թթ. զեկույցում։
Նշենք, որ սա ոչ թե ԿԲ-ի գնահատականն է, այլ հենց իրենց՝ բանկերի, քանի որ զեկույցը կազմվել է՝ ըստ առևտրային բանկերի 2016-2018թթ. հեռանկարային զարգացման ծրագրերի։
Զեկույցում նաև նշվում է, որ կարևորելով կադրերի վերապատրաստման խնդիրը՝ մեկ վարչական աշխատողի վրա կատարված ուսուցման ծախսերի ցուցանիշը կանխատեսվող ժամանակահատվածում կաճի 20 հազար դրամով և 2018թ. կկազմի 44 հազար դրամ։
Նախատեսվում է նաև, որ բանկային համակարգի մեկ վարչական աշխատողին բաժին ընկնող միջին աշխատավարձն ու այլ վճարումները 2016-2018թթ. կավելանան մոտ 37.9%-ով։