Ford-ն առաջին լիովին ինքնակառավարվող ավտոմեքենան շուկա կհանի 2021 թվականին

Ford ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է իր առաջին լիովին ինքնակառավարվող ավտոմեքենան շուկա հանել 2021 թվականին: Այս մասին հայտնել են այդ ավտոհսկայի ներկայացուցիչները:

Ինչպես նշել են կոնցեռնում, իրենց կողմից մշակվող անվարորդ ավտոմեքենաները կլինեն լիովին ինքնավար, դրանցում նախատեսված չեն ո՛չ ղեկ, ո՛չ էլ ոտնակներ: Ընդ որում սկզբում Ford-ը մտադիր է նման մեքենաներ տրամադրել տաքսիների հավաքակայաններին եւ Uber եւ Lyft տիպի ընկերություններին: Մասնավոր անձանց այդ ավտոմեքենաների վաճառքը կոնցեռնը պլանավորում է կարգավորել ավելի ուշ:

«Մեր կարծիքով՝ լիովին ինքնավար փոխադրամիջոցները կարող են հասարակության վրա նույնպիսի ազդեցություն ունենալ, ինչպես հարյուր տարի առաջ Ֆորդի կողմից ստեղծված փոխակրիչը»,- այդ կապակցությամբ հայատրարել է Ford-ի ղեկավար Մարկ Ֆիլդսը:

Նրա խոսքով՝ ավտոկոնցեռնում նաեւ որոշում են ընդունել մինչեւ եկող տարվա վերջը կրկնակի՝ մինչեւ 300 մարդ ավելացնել անձնակազմի թվաքանակը Կալիֆոռնիայի հետազոտական կենտրոնում, որտեղ մշակումներ են կատարվում ինքնավար ավտոմեքենաների ստեղծման ոլորտում:

Համանման նախագծեր իրացնում են արդեն մի քանի ընկերություններ, այդ թվում՝ Tesla-ն եւ Lyft-ը: Վերջինը, մասնավորապես, համաձայնագիր է կնքել General Motors-ի հետ, որը Lyft-ում 500 մլն դոլար է ներդրել տարվա ընթացքում ԱՄՆ-ի ճանապարհներին անվարորդ էլեկտրամոբիլներ փորձարկելու նպատակով:

Ավելի վաղ Google-ի ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ իրենց աշխատակիցները սեփական ինքնավար ավտոմեքենան են մշակում: Նրանք մատնանշել են, որ մեքենան կարող է պատրաստ լինել 2017 թվականին եւ կառավարվելու է համակարգչով, առանց վարորդի օգնության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս