«Եթե իրանական կողմը դեմ է ցանկացած ռազմական գործողության, ստատուս-քվոն պահպանվում է». իրանագետ

Իրանագետ Կարեն Մկրտչյանն այսօրվա ասուլիսին, պաատասխանելով 168.am-ի հարցին՝ հաշվի առնելով իրանա-ադրբեջանական մերձեցումը, Ղարաբաղի հարցում Իրանն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի, Իրանը մինչև այժմ դեմ է եղել նաև մադրիդյան սկզբունքներին ու խաղաղապահների մուտքին՝ Արցախ, հնարավո՞ր է, որ սա բացասական ազդեցություն ունենա ռուս-իրանական հարաբերությունների վրա, քանի որ հակասում է ՌԴ պլաններին Ղարաբաղի հարցում, նշեց, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը.

«Այլ կերպ ասած՝ խաղաղության պահպանումը նաև ստատուս-քվոյի պահպանումն է: Եթե իրանական կողմը դեմ է ցանկացած ռազմական գործողության, ստատուս-քվոն պահպանվում է: Այս տեսակետից, իհարկե, մեզ համար նպաստավոր է ստատուս քվոյի պահպանումը: Եռակողմ հանդիպմանն էլ Ռոհանին շատ պարզ հասկացնել տվեց Բաքվին, որ Իրանը չի հանդուրժի հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը:

Իսկ ռուս-իրանական հարաբերությունները չեն կարող վատանալ, որովհետև նրանք ունեն փոխադարձ լուրջ շահեր: Այսօր արդեն ավելանում է ռազմական համագործակցությունը»:

Մեր այն հարցին էլ՝ տարօրինակ չէ՞, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այդպես էլ պաշտոնական այցով չի գալիս Հայաստան այն դեպքում, երբ անընդհատ խոսվում է հայ-իրանական դարավոր բարեկամության մասին, փոխարենը՝ տեսնում ենք, որ նա մեկնում է, օրինակ՝ Ադրբեջան, իրանագետը պատասխանեց. «Տարօրինակ չէ, իրանական քաղաքականությունը տարածաշրջանում միայն փոխադարձ այցելությունների շնորհիվ չէ, որ կառուցվում է: Այստեղ կան ավելի խորքային, պատմական կապեր, և իրանական կողմը եթե ոչ առաջին դեմքով, ապա գոնե երկրորդ դեմքով՝ մյուս պաշտոնյաների այցելությունների ձևաչափով իր առջև դրված բոլոր խնդիրները լուծում է»:

Տեսանյութեր

Լրահոս