«Ռեժիմին մեկ ուղղություն է մնում». Ալեք Ենիգոմշյան
«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հուլիսի 17-ից հետո իրավիճակ է փոխվել. «Այն ինքնավստահությունը, որ կար մեր իշխանությունների մոտ, թե մեր դեմ խաղ չկա, այդ իրավիճակը լրիվ փոխվել է: Այդ ինքնավստահությունը չկա ռեժիմի մոտ, բայց կա ժողովրդի մոտ: Վարչախմբի ունեցած զինանոցն էապես խարխլված է: Այսօր նա շարունակում է հենվել ընդամենը մեկ ինստիտուտի վրա, որը ոստիկանական պատժիչ ուժերն են, բայց այնտեղ էլ հստակորեն երևում են ցնցումներ. Ոստիկանության շարքերից հարյուրավոր դիմումներ են ներկայացվում այնտեղից դուրս գալու համար»:
Ըստ Ենիգոմշյանի՝ այդ օրերին նաև հստակեցվեց քաղաքական դաշտը՝ թե ով է ժողովրդի դեմ, ու ով՝ նրա կողմից. «Իշխանության կողմից մտավորական կոչվողները ևս պարզ են ժողովրդին: Վարչախումբը նաև ֆինանսական շատ լուրջ դժվարությունների առաջ է կանգնած»:
Խոսելով արտաքին ուժերի մասին, նա ասաց, որ Արևմուտքի կողմից վարչախումբը լուրջ վերահսկողության ներքո է գտնվում. «Սա փաստ է և անդրադառնում է կոնկրետ երևույթների վրա, որոնց ականատես ենք լինում, օրինակ՝ վիզաների տրամադրում ու ֆինանսական օժանդակություն. Ոստիկանության «բարեփոխումների» համար տրվող գումարներն այլևս չեն տրամադրվելու: Սփյուռքն էլ գիտակցեց, որ ՀՀ-ում իրականում չկա պետականություն: Այս իրավիճակում ռեժիմին մեկ ուղղություն է մնում՝ ՌԴ-ն, բայց նա էլ ամբողջությամբ չի վստահում վարչախմբին: Դա չի նշանակում, որ Ռուսաստանի կողմից սատարում չունի ներկայիս վարչախումբը, բայց դա միանշանակ չէ»:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդին՝ նա նշեց, որ խումբն իրեն համարում է «Սասնա ծռերի» սկզբունքների, առաջ քաշած նպատակների պաշտպանը: «Այդ նպատակների իրականացման առաջին քայլը ներկա ռեժիմի ու նրա պարագլուխների վերացումն է, բայց դա ինքնանպատակ չէ, դա ընդամենը միջոց է հիմնական նպատակն իրականացնելու: Իսկ դրա գլխավոր ճանապարհն արդեն իսկ զուգահեռ իշխանության ձևավորումն է, հանձին՝ վստահության կառավարության, որը վերևից նշանակված չի կարող լինել, այլ գործընթացների ընթացքում, բայց կարճ ժամանակում պետք է ստեղծվի:
Բայց այն չի հավակնում լինել վերին ատյան, մեր խնդիրն է՝ խմբի գլխավոր, առանցքային նպատակներից չշեղվել և դրան զուգահեռ՝ ողջունել բոլոր նախաձեռնությունները, որոնք կմիանան վստահության կառավարութան պահանջին»,- ասաց նա՝ նկատելով, որ բացի ռեժիմի հեռացումից՝ իրենց համար խնդիր է նաև մաքուր քաղաքական դաշտ ստեղծելու, ինչպես նաև Արցախի ինքնիշխանության պահպանումը. «Վստահության կառավարությունն իշխանությանը զուգահեռ պետք է ձևավորվի՝ բոլոր կառուցողական ուժերի միասնությամբ, և այս ռեժիմը կհեռանա»: