Հայաստանում 96.4 հազար մարդ աշխատանք է փնտրում
Զբաղվածության պետական գործակալության տվյալներով 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.4 հազար մարդ: Նրանցից 63.1 հազարը կանայք են, 22.6 հազարը` երիտասարդներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
«Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.2 տոկոսը կամ 78.2 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.6 տոկոսը կամ 53.7 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը գործազուրկների 24.5 տոկոսն է (19.2 հազար մարդ), հաշմանդամություն ունեցող անձինք գործազուրկների 3.5 տոկոսն են կամ 2.8 հազարը»,- ասաց Արտակ Մանգասարյանը:
Նրա խոսքով` գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը 50.5 տոկոս է, որից երիտասարդները 39.8 տոկոս են կազմում:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը 1 միլիոն 71.5 հազար է կամ 91.4 տոկոս: «Գործազուրկների շրջանում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը 12.4 տոկոս է, միջին մասնագիտական կրթություն ունեցողները 18.5 տոկոս են կազմում, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները 5.6 տոկոսն են, ընդհանուր միջնակարգ կրթությունները ունեցողները` 54.7 տոկոս, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 8.8 տոկոս»,- նշեց նա:
Արտակ Մանգասարյանը հայտնեց, որ Զբաղվածության պետական գործակալությունում այս տարվա առաջին կիսամյակի դրությամբ` ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, 5.6 տոկոսով ավելացել է հաշվառվածների թիվը: «Մեզ մոտ հաշվառվում են նաև ծրագրերում ընդգրկվելու համար»,-հավելեց Արտակ Մանգասարյանը: