
Ակտը հաստատելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում ԿԲ-ն ուժը կորցրած կճանաչի «ԲՏԱ Բանկի» լիցենզիան

Օգոստոսի 13-ին տեղի ունեցավ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և ԲՏԱ Բանկ-ի բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովը։ Հաստատվեցին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի փոփոխված կանոնադրությունը և փոխանցման ակտը, որոնք կներկայացվեն ՀՀ Կենտրոնական բանկի գրանցմանը: ՀՀ Կենտրոնական բանկը միացող բանկերի փոխանցման ակտը հաստատելու պահից` 3 աշխատանքային օրվա ընթացքում ուժը կորցրած կճանաչի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ լիցենզիան:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի (պահպանվող բանկ) և ԲՏԱ Բանկ-ի (միացող բանկ) միացման արդյունքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ընդհանուր ակտիվները կկազմեն մոտ 134 մլրդ. ՀՀ դրամ, նորմատիվային ընդհանուր կապիտալը` մոտ 27 մլրդ. ՀՀ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` մոտ 110 մլրդ ՀՀ դրամ:
Բանկերի միացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի դիրքը ՀՀ բանկային համակարգում` ընձեռելով մրցակցային նոր առավելություններ: Միացման արդյունքում կընդլայնվի բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը` 46 մասնաճյուղ, ներառյալ գլխամասային գրասենյակ և 100 բանկոմատ, ինչպես նաև հաճախորդների բազան և մատուցվող ծառայությունների ցանկը: