Բաժիններ՝

Տղամարդը, ով ապրում է առանց ուղեղի 90 տոկոսի, տարակուսանքի մեջ է գցում գիտնականներին

Ֆրանսիացի տղամարդը՝ չնայած ուղեղի 90 տոկոսի բացակայությանը, ապրում է համեմատաբար նորմալ և առողջ կյանքով, ինչը ստիպում է գիտնականներին վերանայել կենսաբանական գիտակցության մասին տեսությունները:

Չնայած տասնամյակների հետազոտություններին՝ փորձագետները դեռևս չեն կարողանում բացատրել գիտակցության ֆենոմենը՝ միակ հիմնարար ճանապարհը, որով մարդիկ առնչվում են աշխարհին: Մենք գիտենք, որ այդ երևույթը ձևավորվում է ուղեղում՝ նեյրոնների հիմքի վրա: Բայց ինչպե՞ս է պահպանվում գիտակցությունը, եթե բացակայում է նեյրոնների գերակշռող մեծամասնությունը:

Առաջին անգամ Lancet ամսագրում նկարագրված դեպքն արդեն գրեթե 10 տարի քննարկվում է գիտական հանրության շրջանակներում:

Հիվանդանոց ընդունվելու պահին տղամարդը եղել է 44 տարեկան, և մինչ այդ պահը նա երբեք չի արել տոմոգրաֆիա և տեղյակ չի եղել, որ ինքը գրեթե չունի ուղեղ: Գիտական հոդվածում չի բացահայտվում պացիենտի ինքնությունը՝ գաղտնիությունը պահպանելու համար, բայց գիտնականները բացատրում են, որ իր կյանքի մեծ մասը նա ապրել է բավականին նորմալ կյանքով և երբեք չի կասկածել, որ ունի նման յուրահատկություն:

Տղամարդուն ուղեղի սկանավորում գրեթե պատահաբար են արել: Նա եկել է հիվանդանոց՝ գանգատվելով ձախ ոտքի թուլությունից, բայց բժիշկը նրան ուղեկցել է տոմոգրաֆիա անելու: МРТ-ի պատասխանները ցույց են տվել, որ տղամարդու գանգը գրեթե ամբողջությամբ լցված է հեղուկով: Մնացել է ընդամենը մի բարակ արտաքին շերտ, որը պարունակում է ուղեղի նյութ, իսկ ուղեղի ներքին մասը գրեթե բացակայում է:

Լուսանկարի ձախ մասում պատկերված է այցելուի ուղեղի տոմոգրաֆիան, որում գանգի մեծ մասը լցված է հեղուկով: Համեմատության համար նայեք աջ մասում պատկերված լուսանկարին՝ նորմալ ուղեղ՝ առանց շեղումների: 2_640x499

Գիտնականները գտնում են, որ պացիենտի ուղեղը հեղուկի կուտակմանը զուգընթաց՝ դանդաղ ոչնչացել է 30 տարվա ընթացքում, գործընթաց, որը հայտնի է հիդրոկեֆալիա (գլխուղեղի ջրակալում) անվանմամբ: Նրան այդ հիվանդությամբ ախտորոշել են դեռ պատանի հասակում և կատարել են շունտավորում՝ ուղեղ-ողնուղեղային հեղուկի շարժման վերականգնման համար, բայց 14 տարեկանում շունտը հեռացվել է: Այդ ժամանակվանից հեղուկը կուտակվել է գանգում, իսկ ուղեղն աստիճանաբար ոչնչացել է:

Չնայած դրան, տղամարդուն չեն ճանաչել մտավոր հետամնաց: Նրա IQ-ն այդքան էլ բարձր չէ (75), բայց դա չի խանգարել նրան աշխատել՝ որպես պետծառայող, ամուսնանալ և ունենալ 2 երեխա:

Երբ արտասովոր պացիենտի պատմությունը հրապարակվեց գիտական մամուլում, այն միանգամից գրավեց նյարդակենսաբանների ուշադրությունը: Զարմանալի է, որ այդպիսի անամնեզով մարդն ընդհանրապես կենդանի է մնացել և նույնիսկ գտնվել է գիտակից վիճակում, նորմալ ապրել և աշխատել է:

Միևնույն ժամանակ՝ այդ դեպքը թույլ տվեց ստուգել մարդկային գիտակցության մասին որոշ տեսություններ: Անցյալում գիտնականները ենթադրում էին, որ գիտակցությունը կարող է կապված լինել ուղեղի տարբեր առանձնահատուկ շրջանների հետ, այնպիսին, ինչպիսին, ասենք, կլաուստրումն է: Պրեստոնի համալսարանի հետազոտողների ևս մի խումբ առաջ է քաշում մի տեսություն, ըստ որի՝ գիտակցությունը կապված է տեսողական կեղևի հետ: Բայց ֆրանսիացի պացիենտի անամնեզը մեծ կասկածի տակ է դնում այս երկու տեսությունները:

«Գիտակցության յուրաքանչյուր տեսություն պետք է կարողանա բացատրել, թե ինչու այնպիսի մարդը, ում մոտ բացակայում է նեյրոնների 90 տոկոսը, առաջվա նման ցուցաբերում է նորմալ վարքագիծ»,- ասում է Բրյուսելի ազատ համալսարանի հոգեբան Աքսել Քլիրեմանսը:

«Գիտակցությունն ուղեղի ոչ կոնցեպտուալ տեսությունն է, հենց իր մասին ստացված փորձի, սովորելու, ինքն իր հետ, աշխարհի և այլ մարդկանց հետ փոխներգործության միջոցով»,- ասում է Աքսել Քլիրեմանսը:

Իր գիտական աշխատության մեջ գիտնականը բացատրում է, որ գիտակցության առկայությունը նշանակում է, որ մարդը ոչ միայն տիրապետում է ինֆորմացիայի, այլ նաև գիտի այն փաստի մասին, որ ինքը տիրապետում է ինֆորմացիայի: Այլ կերպ ասած, ի տարբերություն ջերմաչափի, որը ցույց է տալիս ջերմությունը, գիտակից մարդը միաժամանակ և գիտի ջերմությունը, և հոգ է տանում այդ գիտելիքի մասին: Քլիրեմանսը հայտարարում է, որ ուղեղն անընդհատ և անգիտակցաբար սովորում է նորից նկարագրել սեփական ակտիվությունն ինքն իրեն, և այդ «ինքնաախտորոշման» հաշվետվությունները ձևավորում են գիտակից փորձի հիմքը:

Այլ խոսքերով, ուղեղում չկան կոնկրետ մասեր, որտեղ «ապրում» է գիտակցությունը:
Իր տեսությունն Աքսել Քլիրեմանսն առաջին անգամ հրապարակել է 2011 թվականին: Նա այն անվանում է ուղեղի «արմատական հարմարվողականության» մասին դրույթ:

Քլիրեմանսի տեսությունը կարող է բացատրել ֆրանսիացի տղամարդու հետ կապված դեպքը, ով պահպանում է իր գիտակցությունը նեյրոնների 90 տոկոսի բացակայության դեպքում: Ըստ գիտնականի կարծիքի՝ նույնիսկ այդ փոքրիկ ուղեղի մեջ մնացած նեյրոնները շարունակում են նկարագրել սեփական ակտիվությունը, այնպես որ, մարդը հաշվետվություն է տալիս իր գործողությունների համար և պահպանում է գիտակցությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս