Բաժիններ՝

9 պատճառ, թե ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի լավը, քան Մեսսին

Վերջին տարիներին ֆուտբոլում ամենից հաճախ հնչող հարցը վերաբերում է աշխարհը գրաված պորտուգալացի և արգենտինացի ֆուտբոլիստներին: Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին սահմանել են մի սանդղակ, որին հասնելը շատ բարդ է՝ անգամ, եթե դու 100-150 միլիոն եվրո արժողությամբ ֆուտբոլիստ ես:

Այս ֆուտբոլիստների միջև զուգահեռներ են անցկացնում թե՛ ֆուտբոլում, և թե՛ դրանից դուրս: Առաջարկում ենք համեմատության միջոցով բացահայտել  այս ֆուտբոլիստների դրական և բացասական կողմերը:

Sports.ru կայքը առաջարկում է ծանոթանալ 9 պատճառների,  ըստ որոնց՝ Ռոնալդուն ավելի լավն է, քան Մեսսին:

9. Գլխով խաղ

Կարդացեք նաև

Գլխով  խաղը ժամանակակից ֆուտբոլում շատ մեծ դեր ունի: Ռոնալդուն հատկապես վերջին տարիներին շատ է աշխատել գլխով խաղի որակը լավացնելու համար: Պետք է նշել, որ Ռոնալդուն հրաշալի է աշխատում գլխով և կարողանում է արդյունավետ ավարտել գլխով հարվածները:

Մեսսիի մոտ գլխով խաղը թույլ է զարգացած հիմնականում հասակի պատճառով: Ցանկացած պաշտպան, ով ունի 175 սանտիմետրից ավելի հասակ, հեշտությամբ կարող է հաղթել արգենտինացուն օդային պայքարում: Արդարության համար պետք է նշենք նաև, որ Մեսսին ևս աշխատում է գլխով խաղի որակը լավացնելու համար: Մեսսիի մարզումային գրաֆիկում կան առանձին վարժություններ, որոնք կատարվում են ցատկերն ավելի բարձր դարձնելու համար:

8. Մարդկային որակներ
Կարելի է երկար խոսել այն մասին, որ Ռոնալդուն ինքնասիրահարված է, բայց դրա հետ մեկտեղ՝ պետք չէ մոռանալ, որ Ռոնալդուն շատ բան է անում երկրպագուների համար: Ռոնալդուն անհավանական գումարներ է տալիս բարեգործության համար, օգնում է մարզչին այն ժամանակ, երբ վնասվածքի պատճառով չի խաղում, նա լուսանկարվում է երկրպագուների հետ, միշտ գոտեպնդում է խաղընկերներին:
Մամուլը Ռոնալդուին տվել է վատ տղայի կերպարը և ամեն ինչ անում է այդ բնորոշումն արդարացնելու համար:

7. Առաջնորդի հատկանիշներ
Երբ խաղադաշտում ոչինչ չի ստացվում, ապա դժվար թե լինի իրավիճակ, երբ Մեսսին ամեն ինչ վերցնի իր ձեռքը և առաջնորդի թիմին: Հենց սա էր այն խնդիրը, որ նա չէր կարողանում լուծել Արգենտինայի հավաքականում: Նա, անխոս,  թիմի առաջատարն է, կարող է դժվարին պահերին անել անհնարինը և հաղթանակ պարգևել թիմին, բայց ինչ վերաբերում է թիմն առաջնորդելուն, այստեղ Մեսսին կաղում է:

Նույնը չի կարելի ասել Ռոնալդուի մասին: Պետք է պարզապես հիշել, թե ինչպես էր Ռոնալդուն ոգևորում թիմակիցներին վերջին էլ Կլասիկոյի ժամանակ, և ամեն ինչ պարզ կդառնա:

6. Համառություն
Երբ խոսում ենք համառության մասին, հիշում ենք այս ամառ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Մեսսին հայտարարեց հավաքականից հեռանալու մասին, իսկ Ռոնալդուն վերջապես կարողացավ թիմի հետ տիտղոս նվաճել:

5. Խաղը՝ կարևոր հանդիպումներում

Մեսսին խփում է շատ և կարևոր գոլեր, սակայն ամենակարևոր խաղերում նա ակտիվ է միայն որոշակի պահերի: Եթե կատալոնական ակումբի կազմում այս ամենն այնքան էլ ընդգծված չէ, ապա նույնը չի կարելի ասել հավաքականի մասին:

Ռոնալդուն ևս խփում է շատ և հատկապես՝ կարևոր  պահերին: Ռոնալդուն 6 տարում կարողացավ հասնել Մեսսիին Էլ Կլասիկոյում հեղինակած գոլերի թվով, իսկ Էլ Կլասիկոները երբեք անկարևոր չեն լինում:

4. Կախվածություն խաղընկերներից
Ռոնալդուին համարում են ֆուտբոլային էգոիստ, քանի որ նա հաճախ կարևոր պահերին  տարվում է անհատական խաղով: Դրական թե բացասական արդյունք է տալիս այս ամենը, այնքան էլ կարևոր չէ: Կարևոր է մեկ բան. եթե անգամ թիմը վատ ֆուտբոլ է խաղում, Ռոնալդուն ինքնուրույն կարող է շատ բաներ որոշել:

Չնայած Չավին արդեն վաղուց  չի խաղում կատալոնական ակումբում, իսկ Ինիեստան էլ արդեն  առաջվանը չէ, Մեսսիին մեղադրում են նրանցից կախվածություն ունենալու մեջ:  Մեսսիի անհատական գործողությունները պարզապես դասագրքային են, նա դաշտում կատարում է փոխանցումներ, որոնք կարող է անել միայն նա: Մեսսին նշում է, որ խաղում է թիմի, այլ ոչ՝ անհատական տիտոսների համար: Վճռորոշ պահերին այս գաղափարախոսությունը խանգարում է Մեսսիին, քանի որ երկրպագուները նրանից սպասում են ոչ թե լավ փոխանցում,  այլ վճռորոշ գոլ:

3. Բազմակողմանի զարգացում
Ինչպես ֆուտբոլային մասնագետներն են ասում՝ Ռոնալդուն ինքն է ստեղծել իրեն: Այն, ինչ այսօր ցուցադրում է Ռոնալդուն, անընդհատ մարզվելու և աշխատելու արդյունք է: Դա է պատճառը, որ նա կարողանում է ամեն ինչ՝ խաղալ գլխով, կատարել տուգանային հարվածներ, պաշտպանվել, խփել գոլեր թե՛ աջ, թե՛ ձախ ոտքով:

Իսկ Մեսսին այլմոլորակային է, ինչպես բնորոշում են նրան երկրպագուները: Նա չի անում ամեն ինչ և միանգամից, այլ անում է որոշակի քանակով գործողություններ, բայց անում է դրանք կատարյալ:

2. Խաղ տարբեր ակումբներում
Մեսսին իր ողջ կյանքում խաղացել է կատալոնական ակումբում: Նրան շատերն արդեն համարում են կատալոնացի: Մեսսիի խաղն իր մեջ արտացոլում է կատալոնական տիկի-տակայի ողջ էությունը:

Իսկ Ռոնալդուն, Իսպանիայից բացի, խաղացել է նաև ամբողջությամբ ուրիշ ֆուտբոլային փիլիսոփայություն ունեցող Անգլիայում: Հետևաբար՝ Ռոնալդուն յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ կարող է խաղալ հենց իր ոճով: Իսկ Մեսսին միշտ նախընտրում է իր ֆուտբոլով հասնել հաջողության:

1. Մրցանակները հավաքականում
Լիոնել Մեսսին միշտ եղել է Արգենտինայի հավաքականի առաջատարը, բայց միշտ ենթարկվել է սարսափելի քննադատության: Տպավորություն է, որ արգենտինացի Մեսսին այդպես էլ չի գնահատվել:
Իսկ Ռոնալդուն միշտ «աստվածացվել» է սեփական երկրում: Հենց հոգեբանական նման աջակցության արդյունքում Ռոնալդուն և թիմակիցները կարողացան հաղթել բաղձալի առաջնությունը և դառնալ լավագույնը Եվրոպայում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս