
Մանրածախ առևտուրը կրճատվել է, մեծածախը՝ աճել

2016 թվականի հունվար-հունիսին ներքին առևտրաշրջանառության ծավալը Հայաստանում կազմել է 973 մլրդ 481.8 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 0.3%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այդ թվում, մանրածախ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 546 մլրդ դրամ (ընդհանուրի 56.1%-ը)։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ մանրածախ առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4.3%-ով։
Մեծածախ առևտրաշրջանառությունը, հակառակը, նույն ժամանակահատվածում աճել է 5%-ով և կազմել 392.2 մլրդ դրամ (ընդհանուրի 40.3%-ը)։
Ավտոմեքենաների առևտրի ծավալները այս ընթացքում ավելի զգալի չափով են աճել՝ 9%-ով։ Նշենք, որ այս ցուցանիշը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
2016թ. հունվար-հունիսին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 35.2 մլրդ դրամ, որը ընդհանուրի 3.6%-ն է։