Սերգեյ Մարկեդոնովը՝ Սերժ Սարգսյանի ելույթի և երևանյան իրադարձությունների մասին
««Սասնա ծռեր» զինված խմբի՝ զենքերը վայր դնելն արդյո՞ք չնշանակեց, որ իշխանություններին հաջողվեց դադարեցնել երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամը, և բողոքն անկում ապրեց: Աննպատակ հարց չէ. ինչպիսի՞ դասեր պետք է հուլիսյան պատմությունից քաղեն իշխանությունները, ընդդիմությունը, ինչպես նաև արտաքին խաղացողները, որոնք այս կամ այն պատճառներով՝ ներգրավվել են անդրկովկասյան այս պետության գործընթացներում»,- երևանյան իրադարձությունների վերաբերյալ իր հոդվածում նման հռետորական հարց է հնչեցրել ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Ըստ նրա՝ այն ողջ ընթացքում, ինչ «Սասնա ծռերը» ՊՊԾ գնդի տարածքում էին, փորձագետներն ու լրագրողները նշում էին, ընդհանուր առմամբ, ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեղեկատվական պասիվության մասին: Նրա խոսքով՝ տպավորություն էր ստեղծվում, որ երկրի առաջին դեմքը ցանկանում է դադար վերցնել, գոտեպնդվել մարտից առաջ, հետո գտնել անհրաժեշտ խոսքերն ու ներկայացնել անհրաժեշտ շեշտադրումները:
Մարկեդոնովի որակմամբ՝ Սերժ Սարգսյանի՝ օգոստոսի 1-ի անդրադարձը երևանյան իրադարձություններին կարող է դիտարկվել՝ որպես հուլիսյան իրադարձություններին պաշտոնական հայացք, որը ներկայացվեց խտացված ձևով և որն ինչ-որ չափով լրացրեց այն տեղեկատվական բացը, որը նկատվում էր իշխանական գործելակերպում՝ ողջ այդ էպոպեայի ընթացքում:
«Նախ՝ Սարգսյանը հատուկ կերպով նշեց, որ «հաջողվեց խուսափել լուծման այնպիսի ճանապարհից, որը համարվում է դասական նման իրադրությունների դեպքում»: Քաղաքագիտական և դիվանագիտական լեզվով դա նշանակում է՝ գրոհից լիարժեք հրաժարում:
«Անցած երկու շաբաթները և այդ ընթացքում մեր կրած կորուստներն անթույլատրելի են, սկսած մարդկային, հասարակական արժեքներից՝ մինչև մեր տնտեսությանը հասցված մեծ հարվածը: Աշխարհում ոչ մի երկիր իրավունք չունի իրեն թույլ տալու նման բան, հատկապես՝ Հայաստանը»: Կարծում եմ, որ Սարգսյանն այդ խոսքերն արտասանելիս՝ չէր կեղծում:
Առաջին հերթին՝ ԼՂ հակամարտության, նա անձամբ էր ղեկավարում չճանաչված հանրապետության ինքնապաշտպանության ուժերը, իսկ հետո՝ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Այն տարիներին նա այն նույն ճամբարում էր, ինչ Ժիրայր Սեֆիլյանը, և նրանք, ովքեր Սեֆիլյանի անունից եկել էին ՀՀ իշխանություններից հեղափոխական փոփոխություններ պահանջելու: Երկրորդ, ինչպես նկատում է հայտնի սոցիոլոգ և քաղաքագետ Գեորգի Դերլուգյանը, «Հայաստանում գործում է ազգի տաբուն, որը Ցեղասպանություն է ապրել: Մեր նմաններին սպանել չի կարելի»:
Չի կարելի ասել, որ այս օրենքից բացառություններ չեն եղել: Ամենավառ օրինակը 2008թ. մարտի ողբերգությունն է, որը ՌԴ մայրաքաղաքում 1905թ. հունվարի 9-ի իրադարձությունների նմանությամբ՝ ստացավ «արյունոտ շաբաթ» անվանումը: Սակայն Հայաստանում հիանալի հիշում են, որ այդ իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղի շփման գծում նկատվել էին այդ պահի դրությամբ հրադադարի ամենանշանակալի խախտումները, և հասկանում են այդ իրադարձությունների միջև որոշակի փոխադարձ կապ:
Ավելին, հայաստանյան ներքին քաղաքականության կոնտեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2008թ. մարտին իշխանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումները Սերժ Սարգսյանին ստիպեցին էականորեն փոխել նախասիրությունները:
Դրա արդյունքում մի շարք ուժեր, ինչպես, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը, հայտնվեց Ազգային ժողովում և Երևանի Ավագանու խորհրդում:
Ցանկացած դեպքում և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը փորձում են զսպել իրենց՝ հասկանալով, որ իրենց գլխին կախված է չլուծված ղարաբաղյան հակամարտության վտանգը: Դեռ Թուրքիայի հետ հարաբերություններն էլ անամպ չեն: Ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, Սարգսյանը հստակ գծեց այն կարմիր գծերը, որոնք նա չի պատրաստվում հատել: «Մենք ոչ ոքի թույլ չենք տա սասանել մեր պետության հիմքերը: Հայաստանում զենքով և բռնությամբ հարցեր չպետք է լուծվեն: Երևանը Բեյրութը չէ կամ Հալեպը: Թող ոչ ոք չփորձի անցյալ դարի «Սառը պատերազմի» լուծումները ներմուծել Մերձավոր Արևելքից Հայաստան»:
Ավելի քան թափանցիկ ակնարկ էր Սեֆիլյանին և նրա «Նախախորհրդարանին»։ Հատկապես հաշվի առնելով այդ գործչի լիբանանյան ծագումը»,- վերլուծել է Մարկեդոնովը:
Ըստ նրա՝ ՊՊԾ գնդի զավթման պատմությունը հերթական անգամ պարզորոշ ուրվագծեց Հայաստանի համար վտանգավոր միտումները՝ հանրապետությունում կան լուրջ բողոքական տրամադրություններ, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են պոռթկալ:
Մարկեդոնովի որակմամբ, անսպասելի չէր նաև Ղարաբաղյան թեմայի վերաբերյալ Սարգսյանի զգացմունքային տոնայնությունը. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Դա բացառված է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Դա բացառված է: Կրկնում եմ ևս մեկ անգամ. բացառված է: Ես իմ ամբողջ գիտակցական կյանքը նվիրել եմ այդ խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակին հասնելու համար ես միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն՝ ցանկացած պաշտոն, այլև՝ իմ կյանքը»:
«Սարգսյանն ասաց այն մասին, որ նա միակողմանի զիջումներ չի անի: Նշանակում է՝ կոմպրոմիսների ճանապարհը տեսականորեն հնարավոր է: Ճիշտ է, հակամարտության և խաղաղ գործընթացի ներկայիս պայմաններում դրանք չեն կարող արագ լինել»,- նշել է Մարկեդոնովը: Այսպիսով, նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության հարաբերություններում որոշակի պաուզա է առաջացել, քանի որ կողմերը կփորձեն դասեր քաղել, հասկանալ ընդդիմախոսի մոտեցումները, կառուցել մարտավարություններ՝ հաջորդ փուլի համար:
«Չպետք է մոռանանք, որ 2017թ. երկրում սկսվելու է նոր ընտրական շրջափուլ՝ նորացված Ընտրական օրենսգրքով: Հետևաբար՝ բողոքը չի ավարտվել, այն լռել է ժամանակավորապես: Ի դեպ, դրա ապագա ընթացքը կախված է նախագահական թիմի և ընդդիմության տարբեր ճյուղերի համապատասխանեցված գործողություններից»,- ընդգծել է Մարկեդոնովը:
Պատրաստեց՝ Արաքս Մարտիրոսյանը