
Պուտինը, Ռոուհանին և Ալիևը կքննարկեն «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը

Ահաբեկչության դեմ պայքարը ու «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, երկարաժամկետ համագործակցության մի շարք այլ հարցերի հետ միասին, կդառնան այն թեմաները, որոնք կքննարկվեն օգոստոսի 8-ին Բաքվում Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանական «Ազեր Թաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով մենք առաջին անգամ կհավաքվենք Բաքվում երեք պետությունների ղեկավարների մակարդակով, որպեսզի քննարկենք երկարաժամկետ, փոխադարձ շահավետ համագործակցության զարգացման հեռանկարները տարբեր ոլորտներում` տնտեսությունից և մարդասիրական կապերից՝ մինչև անվտանգության հարցեր և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր»,- հայտարարել է Պուտինը:
Նա նշել է, որ բանակցությունների առանցքում լինելու է ընդհանուր` 7200 կմ երկարություն ունեցող «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը:
«Այն ուղղված է Հնդկաստանից, Իրանից, Պարսից ծոցի երկրներից տարանցիկ բեռների տեղափոխման համար օպտիմալ հնարավորությունների ստեղծմանը` դեպի Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնություն և ավելի հեռու` Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա»,- ասել է Պուտինը` ավելացնելով, որ «Հյուսիս-Հարավով» բեռների փոխադրման ծավալը «Ռուսաստանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության մասնակցությամբ 2015թ. կազմել է 7,3 միլիոն տոննա, ինչը 4,1%-ով ավելի է՝ 2014թ. համեմատ:
Պուտինը պատմել է, որ երեք երկրների փոխհարաբերությունների մյուս հեռանկարային ուղղություններն էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում ռազմավարական ներդրումային նախագծերի իրականացումն է:
«Կան լավ հնարավորություններ` ընդլայնելու ծառայությունների առևտուրը, այդ թվում` զբոսաշրջության, առողջապահության, կրթության ոլորտներում»,- հավելել է նա: