Տեղական գարեջրի արտադրության ծավալները 1.1 մլն լիտրով նվազել են
Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 8 մլն 578.4 հազար լիտր գարեջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գարեջրի արտադրության ծավալը նվազել է 1.148 մլն լիտրով կամ 11.8%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Օղու և լիկյորի արտադրության ծավալները նույնպես էապես նվազել են՝ 4 մլն 356.8 հազար լիտրից հասնելով 3 մլն 837.8 հազար լիտրի։
Գինեգործությունը, հակառակը, 10.8%-անոց աճ է գրանցել՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 2 մլն 973.8 հազար լիտր գինի։
Շամպայն-գինիների արտադրության աճի տեմպն ավելի բարձր է՝ 15.1% (ծավալը՝ 183.9 հազար լիտր)։
Դե իսկ աճի անվիճելի առաջատարը վիսկին է։ 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 832.7 հազար լիտր վիսկի, որը 2.6 անգամ գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։