«Իշխանությունը պաշտպանվում է ժողովրդից, ժողովուրդը տրաքում է իշխանությունից… հիմար կյանք է». Սերգեյ Դանիելյան

168.am-ը «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից զենքերը վայր դնելու, իշխանություններին հանձնվելու և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ

– Պարոն Դանիելյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ «Սասնա ծռեր» խմբավորումը որոշեց զենքերը վայր դնել:

– Դե՛, տղաներն ասացին՝ չեն ուզում զոհեր լինեն, որովհետև վնասվում են այն մարդիկ, որոնք չպետք է վնասվեն: Մարդիկ անկապ տեղը վնասվում են, դրա համար զենքը վայր դրեցին: Ասել են, չէ՞:

– Իսկ դա չի՞ ազդի նրանց կողմնակիցների պայքարի ոգու վրա. մարդիկ նախորդ շաբաթներին ոտքի էին կանգնել, աջակցում էին, միևնույն ժամանակ՝ լսելի էր հասարակության բողոքի ձայնը տարբեր երևույթներից, իսկ հիմա բողոքի ձայնն արտահայտելու համար ավելի քիչ մարդ է փողոց դուրս գալիս:

– Կապ չունի՝ փողոց դուրս գալի՞ս են, թե՞ ոչ. մի օր դա, մեկ է, պայթելու է: Ատելությունը հավաքվում է, ինչն այդքան էլ ցանկալի չէ, ու մի օր նորից մի բան լինելու է: Այսօր ուղղակի դրա ժամանակը չէր, որովհետև մարդիկ հստակ չգիտեն՝ ինչ է լինելու հետո: Հիմա ունենք վատ իշխանություն, իսկ հետո՞ ինչ ենք ունենալու՝ պարզ չէ:

– Այս դեպքերը որևէ բան չփոխեցի՞ն:

– Փոխեցին այնքանով, որ հասկացանք՝ այդպես էլ է կարելի, այսինքն՝ այդպես էլ է լինում: Հիմա, թե մյուս քայլն ի՞նչ է լինելու, դժվարանում եմ ասել: Աստված չանի՝ կարող է լինել ահաբեկչություն կամ այլ բան, դա էլ է հավանական, որովհետև, եթե այսպես էլ չստացվեց, ուրեմն՝ մի ուրիշ քայլ էլ կարող է լինել, որն էլի ցանկալի չէ: Այս պայմաններում իշխանությունը պետք է ենթադրություններ անի, բայց ես չգիտեմ՝ ինչքանով է ընդունակ՝ ենթադրություններ անելու:

– Նախագահի ելույթում այդ ենթադրությունները նկատելի՞ էին:

– Նախագահն ինչ-որ բան պետք է ասեր, ասաց: Կարող էր դա էլ չասել, որովհետև էլի բան չէր փոխվի: Բայց որ ասաց՝ երևի մի քիչ հանգստացավ ժողովուրդը:

– Ձեր կարծիքով՝ նախագահի ելույթը քաղաքացիների վրա որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ: Կոնկրետ Ձեզ վրա, որպես քաղաքացի, ինչ-որ ազդեցություն ունեցե՞լ է նրա ելույթը:

Ես նման եմ մի մարդու, որի վրա նախագահի ելույթը կարող է ազդեցությո՞ւն ունենալ… Շարքային քաղաքացու համար կարևոր կլինի, որ գործողություններ լինեն, ինչ-որ մարդկանց աշխատանքից հեռացնեն, բանտ նստեցնեն, 9 մլրդ փողը, որ դուրս են տարել երկրից՝ բերեն հետ, նա, ով փողակեր է՝ նստի բանտ: Թե չէ, որ լրագրողներից ներողություն է խնդրում, ես էլ կարող եմ լրագրողներից ներողություն խնդրել. այնքա՜ն եմ հայհոյել լրագրողներին, հիմա էլ ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից, վե՛րջ: Կարևորը գործողություններ անելն է: Գործողություններ կարո՞ղ է անել իշխանությունը, ուրեմն՝ լավ կլինի, եթե չի կարող, ուրեմն՝ ավելի վատ է լինելու. արտագաղթը կշարունակվի, մարդիկ կխփնվեն, էլի կսկսեն կրակել իրար վրա, զոհեր կտանք, թշնամին կուրախանա, և այլն:

– Դե, լրագրողներից ներողություն խնդրելուն հաջորդում էր հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը մոռանալու հորդորը:

– Այո, իսկ այն ոստիկանները, որոնք իրենց այդպես լկտիաբար պահեցին, նրանց՝ ոչ մի բան, այն ոստիկանները, որոնք մտան մարդկանց բնակարանները ու խոշտանգեցին՝ էլի ոչ մի բան: Էլ իր ասածն ի՞նչ է, ինքներդ եք հասկանում, որ դա ոչ մի արժեք չունի:

– Պարոն Դանիելյան, «Սասնա ծռերի» տղաներն ասում էին, որ իրենց առաքելությունն ավարտված է, քանի որ կարողացան ոտքի հանել ժողովրդին: Դուք հիմա տեսնո՞ւմ եք այդ ոտքի ելած ժողովրդին:

– Դա սրտի մխիթարանք է, իրենք ավելիին էին սպասում, բայց, ճիշտն ասած, մի քիչ մտածված չէին այդ քայլերը, որովհետև բացարձակ հեղինակություն ունեցող քաղաքական ուժ չունի ժողովուրդը, որ գնա նրա հետևից: Ազնիվ, լավ մարդ լինելը շատ քիչ է: Իհարկե, շատ լավ է, որ այդպես է, ես ոչ մեկի մեջ չեմ տեսնում ո՛չ հանցագործ, ո՛չ ահաբեկիչ, նորմալ, ազնիվ տղերք են ու, ցավոք, մատաղ եղան: Ինչքան լավ կլիներ, որ նորմալ երկիր լինեինք, այդ տղերքը հիմա հատուկ զորքերում ծառայեին, մեր սահմանները պահեին: Այդքան ուժ ու եռանդ, որ այս ժողովուրդը ծախսում է՝ ծախսեր երկիրը զարգացնելու և ուժեղացնելու համար… Իսկ մենք հողմաղացների դեմ կռիվ ենք անում: Իշխանությունը մի վիճակ է ստեղծել, որ ժողովուրդն ամեն ինչի համար կռիվ անի. սկսած ծառ կտրելուց, վերջացրած՝ իշխանություն փոխելուց, ամեն ինչի համար միտինգ ենք անում… Այս ամեն ինչի վրա ծախսվող ուժն ափսոս է, մարդիկ են ափսոս՝ զոհվում են: Այդքան Ոստիկանություն ենք պահում՝ 20 հազար, մենք այդքան բանակ ունե՞նք: Իշխանությունը պաշտպանվում է ժողովրդից, ժողովուրդը տրաքում է իշխանությունից… հիմար կյանք է:

– Իսկ հիմա ի՞նչ է լինելու. մարդիկ կվերադառնան իրենց առօրյային, ու ամեն ինչ կմոռացվի՞, թե՞ ինչ-որ բան փոխվեց ամեն դեպքում:

– Երբեք ոչինչ չի մոռացվում, Հոկտեմբերի 27-ն էլ չի մոռացվում, հիշում ենք: Բայց պարզ է՝ ժողովուրդը կվերադառնա իր առօրյային, իշխանությունը հետևություններ կանի, բայց չի կարող որևէ բան փոխել, որովհետև, եթե վերացվի կոռուպցիան՝ կվերացվի սիստեմը: Այդպես կշարունակվի, մինչև մի օր չտրաքի, չքանդվի ամեն ինչ: Երկրում տնտեսություն չկա, բոլորը գող-ավազակ են: Ժողովուրդը, ավելի լավ է, թող չհիասթափվի, այլ 10 հազար դրամներով չգնա՝ պառկի իշխանության տակ: Մեծ մասը «դիշովկա» է. ընտրությունների ժամանակ 10 հազար դրամ տեսնում են՝ չոքերը թուլանում է: Նույն այդ «դիշովկա» ժողովրդի «դիշովկա» իշխանությունն է, էլի:

– Նախորդ անգամ, երբ այս ցավոտ թեմային անդրադարձանք, Դուք ասացիք, որ ժողովուրդը պետք է կրթվի՝ այս իրավիճակից դուրս գալու համար: Կրթման մեխանիզմն ինչպե՞ս եք տեսնում:

– Ժամանակ պետք է անցնի, մարդիկ պետք է հասկանան, որ կարելի է ավելի լավ, ավելի արժանավայել ապրել: Ֆրանսիայում այդպե՞ս չի եղել. ամբողջ կյանքում կռիվ են արել, հեղափոխություններ են արել, իրար գլուխ են թռցրել, հիմա ամենանորմալ, ամենաապահով երկրներից է: Հիմա մենք պատից ընկել ենք ու ուզում ենք միանգամից լա՞վ ապրել: Մեզ թվում է, թե հիմա էդ է՝ այս իշխանությանը փոխենք, կգա մի հատ լավ «ձյաձյա», ու լավ կապրենք, բայց նույն ժողովուրդը չէ՞, որ ընտակաշառքներով ծախվում է, կամ սպասում է, թե երբ պետք է գնա՝ Ռուսաստանում ասֆալտ փռի…

Ինչպես բոլորը՝ մի փոքր տխուր եմ, բայց, ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում: Լավ է՝ արյուն շատ չթափվեց, իշխանությունը գոնե այդքան ուղեղ ունեցավ: Ես զարմացած եմ, ահագին աճ եմ տեսնում. բացի արտաթորելուց և սնվելուց՝ ևս մեկ բջիջ է ավելացել, որ չի կարելի սպանել: Մարտի 1-ից հետո մի բջիջ ավելացել է, դա արդեն առաջընթաց է:

 

Տեսանյութեր

Լրահոս