«Իշխանությունների ինքնապահպանման բնազդը կթելադրի փոփոխությունների անհրաժեշտությունը». Արթուր Մարտիրոսյան
168.am-ի զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը
– Պարոն Մարտիրոսյան, Հայաստանի Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ հայտարարեց, որ սպառվել են ահաբեկիչների հետ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր ողջամիտ հնարավորությունները, իսկ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարություններից պարզ դարձավ, որ թե´ ինքը, թե´ Սերժ Սարգսյանը մնում են իրենց դիրքորոշումներին: Արդյոք սա փակուղի՞ է, այս պահին ի՞նչ ուղիներ եք տեսնում՝ առնվազն ակտիվ բանակցային գործընթաց սկսելու համար:
– Ցավոք սրտի, ստեղծված պատային իրավիճակում բանակցային լուծումներ չեն դիտարկվում: Միակ տարբերակը, որ կարող է լինել, դա որևէ կազմակերպության, երկրի, մարդու ի հայտ գալն է, որն աներկբա հեղինակություն է վայելում կողմերի մոտ, և ով կստանձնի միջնորդի առաքելություն: Սակայն նման սցենարի հավանականությունը նվազագույն է, քանի որ, եթե նման երրորդ կողմ գոյություն ունենար, նա արդեն այժմ կբացահայտեր իրեն և կառաջարկեր իր ծառայությունները: Բանակցային թեորիայում և պրակտիկայում կա բանակցությունների այլընտրանք հասկացություն, այսինքն՝ այն, ինչ մտածում են անել կողմերը, եթե համաձայնության չգան:
Տվյալ իրավիճակում երկու կողմն էլ դեռևս կարծում են, որ իրենք բանակցությունների ուժեղ այլընտրանք ունեն: Հայաստանի ուժային կառույցների համար դա ուժային լուծումն է: Սէֆիլյանի, «Սասնա ծռեր» խմբի և նրանց աջակիցների համար՝ զինված ապստամբության էլեմենտներով լայնամասշտաբ սոցիալական մոբիլիզացիայի սպառնալիքն է: Այս իրավիճակում ի՞նչը կարող է կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ: Միայն մեկ կամ երկու կողմի գիտակցումը, որ այլընտրանքն ավելի վատն է, քան այն, ինչ նրանք կարող են ստանալ բանակցային սեղանի շուրջ:
Այդ պատճառով այժմ պայքարը գնում է այլընտրանքների միջև, կամ մյուս կողմի այլընտրանքի թուլացման և սեփական այլընտրանքի ուժեղացման համար: Դա շատ վտանգավոր խաղ է, որ խաղերի տեսությունում հայտնի է՝ որպես «հավի խաղ», երբ երկու ավտոմեքենա սլանում են մեծ արագությամբ՝ միմյանց հանդիպակաց, կողմերը չեն ցանկանում զիջել, թեքել ճանապարհը մինչև վերջ՝ ստուգելով, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան, ով կթեքի առաջինը: Այս շատ վտանգավոր խաղը փոխելու համար ժամանակ է բաց թողնվել, սխալներ են թույլ տրվել, իսկ այն հաճախ ավարտվում է ճակատային բախումով, երբ երկու կողմն էլ ստանում են 0-ական արդյունք, այսինքն՝ Kentucky Fried Chicken: Առավել ևս՝ հիմա, երբ վերջնագիր է ներկայացվել, հնարավոր չէ համաձայնության գալ: Ի՞նչ է տեղի ունենում նման ճգնաժամային իրավիճակների վերջին փուլում՝ բախումից առաջ: Դա այն է, ինչ եղավ Կարիբյան ճգնաժամում:
Երբ ամերիկյան կողմը վերջնագիր ներկայացրեց Խորհրդային Միությանը՝ դուրս բերել զորքերը Կուբայից կամ հարված ստանալ Կուբայի վրա, նախագահ Քենեդին հասկացավ, որ հենց իրենք են իրենց անկյուն քշել: Եվ խնդիրն այն չէ, որ իրենք էին ստիպված լինելու կատարել վերջնագրի պայմանները, այլ այն, որ, եթե մյուս կողմը չէր պատրաստվում կատարել պահանջները, ապա կարող էր գնալ կանխարգելիչ հարվածի… Սակայն 1962թ. հոկտեմբերին այդ խաղի հետևանքները կարող էին աղետալի լինել ամբողջ աշխահի համար՝ վերաճելով միջուկային հակամարտության: Այդ պատճառով որոշումը գտնվեց կիրակի երեկոյան, իսկ վերջնագրի ժամկետն ավարտվում էր երկուշաբթի: Կկարողանա՞ն արդյոք մեր ճգնաժամում կողմերը գտնել նման լուծում, որպեսզի խուսափեն վատագույնից, քանզի չեն լինի հաղթողներ և պարտվողներ, մենք բոլորս կպարտվենք, եթե կողմերը պնդեն իրենց այլընտրանքները, ինձ դժվար է ասել հեռվից: Շատ կուզենայի հավատալ դրան, բայց պետք է պատրաստ լինել վատագույնին…
– 168.am-ին տված նախորդ հարցազրույցում նշել էիք, որ «իշխանությունների յուրաքանչյուր սխալ հանգեցնելու է նրան, որ իրավիճակն է՛լ ավելի է թեքվելու՝ դեպի անխուսափելի առճակատում արյունահեղությամբ», և նախորդ գիշերն ականատես եղանք, թե ինչպես ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք հարձակվեցին խաղաղ ցուցարարների, լրագրողների ու իրենց տներում գտնվող քաղաքացիների վրա, իսկ ԱԱԾ–ն էլ հայտարարեց, թե հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են՝ առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի: Ինչո՞ւ է իշխանությունը լարում իրավիճակը:
– Իմ պատասխանը չի կարող հավակնել վերին ատյանի ճշմարտություն լինելու, և ավելի ճիշտ կլիներ այս հարցն ուղղել իշխանություններին: Սակայն, ելնելով ինձ մոտ եղած ինֆորմացիայի վերլուծությունից, ես կարող եմ զգուշորեն ենթադրել, որ իշխանությունները բախվել են հիբրիդային ապստամբության տեսակի հետ, որի մարտահրավերները նրանք դժվարանում են հաղթահարել: Դրա առաջին բաղադրիչը բուն զինված մասն է, որը պետք է կատալիզատոր ծառայեր երկրորդ բաղադրիչի՝ ամբողջ երկրում սոցիալ-քաղաքական բողոքի զանգվածային մոբիլիզացիայի համար: Թեև ապստամբության կազմակերպիչների մոտ ամեն ինչ չստացվեց երկրորդ բաղադրիչի մասով, ես տեսնում եմ մինչև 10 հազար մարդկանց բողոքների մոբիլիզացիա: Սակայն առաջին օրերին իշխանության թույլ տված սխալների պատճառով սոցիալական մոբիլիզացիան սկսել է ստանալ մեծացող ձնագնդի բնույթ: Դեռ Էլիաս Կանետտին գրում էր, որ «արտաքին հարձակումը զանգվածի վրա կարող է միայն ամրացնել այն: Բռնի ցրելը մարդկանց ավելի ամուր է համախմբում»:
Ավելին՝ երթերի կազմակերպիչների գործողությունները սկսել են անկանխատեսելի բնույթ ստանալ: Դեպի Սարի թաղ երթին Ոստիկանությունը պատրաստ չէր, այնտեղ չկար ոստիկանական շղթա, իսկ այդ պահին տասնյակ ոստիկաններից ստեղծված շղթան ամբոխը «սրբեց» հաշված վայրկյանների ընթացքում: Դա շատ վտանգավոր քայլ էր նրանց կողմից: Ես մտածում եմ, թե այդ իրավիճակում ինչպե՞ս կգործեին ամերիկյան հատուկջոկատայինները, և վստահ եմ, որ ռազմաոստիկանական գործողության իրականացման շրջագծին խմբի մոտեցումը կկասեցվեր կոշտ ձևով, առավել ևս, որ ցուցարարներին նախազգուշացնում էին այն մասին, որ նրանք չփոխեն երթուղին: Տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում երթի առաջնորդները:
Եթե անգամ բախումների 1% վտանգ կար, ապա կանայք ու երեխաներ այնտեղ չպետք է լինեին: Բայց Ոստիկանության գործողությունները ևս կրում էին ոչ այնքան նախազգուշական բնույթ, որքան՝ այդպիսի իրավիճակի համար նախապատրաստված դաժան պատժիչ ահաբեկման ակցիայի բնույթ:
Դաժանությունը, իմ կարծիքով, գերազանցում էր բոլոր թույլատրելի սահմանները. իրավապահների կողմից փախչող մարդկանց, լրագրողների ծեծը, ըստ էության, անօրինական է: Ռազմավարական առումով նման դաժանությունը կարող է թուլացնել մոբիլիզացիոն տեմպը, բայց միջնաժամկետ կտրվածքով դա նոր խնդիրներ կհարուցի ազգի առջև ծառացած մարտահրավերների դեմ հայկական հասարակության կոնսոլիդացիայի համար:
– Բողոքի շարժումը տարածվել է Գյումրիում, Սփյուռքում, ցուցարարները կոչ են անում անհնազանդության ակցիաներ կազմակերպել ամբողջ հանրապետությունում: ՀՀ իշխանությունները դեռ որքա՞ն կկարողանան անզիջում մնալ այս ալիքի հանդեպ, և ի՞նչ կարող են անել ոտքի ելած քաղաքացիները` իրենց պահանջների բավարարմանը հասնելու համար:
– Իշխանությունների ինքնապահպանման բնազդը կթելադրի փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց դա չի սկսի տեղի ունենալ՝ մինչև Խորենացիում ճգնաժամը դուրս չգա ռազմական դրության փուլից: Մոբիլիզացիոն ալիքը թուլացնելու համար իշխանությունները չեն կարող բավարարվել կոսմետիկ հրաժարականներով կամ տեղափոխումներով: Այժմ շատ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այդ գործընթացը, որովհետև պարզ չէ հիբրիդային ապստամբության աջակիցների մոբիլիզացիոն ռեսուրսը: Եթե նրանց պահանջներն ամրագրվեն ծայրահեղ դիրքում՝ պաշտոնանկություն և այլն, ինչպես Սէֆիլյան-Հովհաննիսյանի ցանկում է, ապա գործընթացը կձգձգվի՝ պահանջելով և շեղելով զգալի ռեսուրսներ: Յուրաքանչյուր ճգնաժամում կան կորուստներ և նոր հնարավորություններ, և մյուս կարևոր հարցն է՝ արդյոք շարժումը կգտնի՞ նոր առաջնորդների, որոնք ունակ են համաձայնության գալ: Առայժմ, որոշ բացառություններով, ես տեսնում եմ առաջնորդների, որոնք վարժեցված և տրամադրված են պոպուլիստական հանրահավաքային կրքերով բողոքի ալիքը սանձելու ուղղությամբ:
– Ո՞ւմ է շահավետ Հայաստանում ստեղծված այս իրավիճակը, առավել ևս՝ ապրիլյան պատերազմից հետո: Տեսակետ կա, որ իշխանություններն այժմ գործում են պաշտոնական Մոսկվայի ցուցումով: Հնարավո՞ր է, որ դա հանուն «Լավրովի պլանի» է: Եվ ընդհանրապես, այս իրավիճակն ինչպե՞ս է ազդում ղարաբաղյան գործընթացի վրա:
– Հայկական հողը լի է լուրերով և դավադրության տեսություններով: Ես չեմ կարող ասել, որ նման ենթադրությունները հնարավոր չեն, բայց դրանք դեռևս ապացուցված չեն, իսկ դավադրագետներին հատուկ է առանց ապացույցների հավատալ իրենց թեորիաներին: Ես նախընտրում եմ ռացիոնալ քննարկումը, թեկուզև այն պատճառով, որ ռուսական դավադրության թեորիային հակադրվում է իրականությունից ոչ պակաս կտրված՝ ամերիկյան ձեռքի թեորիան: Հայաստանի որոշակի շրջանակներում շրջանառվում են լուրեր այն մասին, որ «Լավրովի» պլանն ինչ-որ մի առանձին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ չհամաձայնեցված ծրագիր է: Սակայն դա, իհարկե, այդպես չէ:
«Տարածքներ՝ ճանաչման և խաղաղության դիմաց» բանաձևն այս կամ այն ձևով առկա է միջնորդների բոլոր կարևոր պաշտոնական փաստաթղթերում՝ սկսած նախագահ Տեր-Պետրոսյանից: Ռուսական նախաձեռնությունն ավելի շատ պայմանավորված էր արևմտյան գործընկերներին ևս մեկ հակամարտություն ցույց տալու ցանկությամբ, որտեղ Ռուսաստանը կարող է դրական դեր կատարել, այդ պատճառով Պուտինը թեման քննարկել էր Օբամայի և Օլանդի հետ, իսկ Լավրովը՝ իր գործընկերների, և, եթե դիտարկենք նրանց արձագանքները, ապա դրանք դրական են: Մոսկվայի իրական շահագրգռվածությունը, որքանով ես եմ դա հասկանում և պատկերացնում, հակամարտության խոր սառեցումն է:
Արդյոք Մոսկվան հետաքրքրվա՞ծ է Հայաստանում ճգնաժամով: Եթե այս հարցին մոտենանք տրամաբանական տեսանկյունից, ապա՝ ոչ: Որովհետև Հայաստանի իշխանություններն այժմ կարող են մերժել ցանկացած ծրագիր, որն իր մեջ կպարունակի տարածքային զիջումներ, այդ թվում՝ «Լավրովի պլանը», անկախ նրանից, թե ինչպիսին է դրա բովանդակային մասը: Ես չեմ կարծում, որ Հայաստանում ճգնաժամը արտաքին ուժերի՝ Ռուսաստան, ԱՄՆ և ԵՄ, շահերից է, բացի, թերևս, Ադրբեջանից, հատկապես, եթե ճգնաժամը երկարի` քաղաքական գործընթացների «լիբանանիզացման» նախանշաններով ու երկրի պարբերաբար ապակայունացմամբ:
Պատասխանատվության այս պահը պետք է գիտակցեն Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքական ուժերը: Չնայած ցավալի է հետևել որոշ «քաղաքական գործիչների» գործունեությանը, որոնք քարոզում են «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքը և պատրաստ են ընդունել արյուն, որը կազդարարի նորացված Հայաստանի սկիզբը: