«Թուրքիան չի կարող մասնակցել ԼՂ հակամարտության բանակցություններին». ռուս թուրքագետ
«Ռուս-թուրքական հարաբերությունների վերադարձն անցյալին հեշտ խնդիր չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին` անդրադառնալով ռուս-թուրքական մերձեցմանը:
Ռուս վերլուծաբանն ասաց, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվող ռուսական պատժամիջոցները սկսեցին հետզհետե իրենց ազդեցությունը թողնել Թուրքիայի տնտեսական իրավիճակի ու հատկապես՝ տուրիստական շրջանների վրա: Միջազգային հարթակում, ըստ Նադեին-Ռաևսկու, Թուրքիան չստացավ իր ակնկալած աջակցությունն իր արևմտյան գործընկերներից, ուստի հայտնվեց մեկուսացման մեջ: «Այս պայմաններում Էրդողանը ստիպված էր վերախմբագրել իր արտաքին քաղաքականությունը: Ուստի սկսվեց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում, որին էլ հաջորդեց Ռուսաստանին ուղղված ներողությունը: Ռուսաստանի ղեկավարությունն ընդունեց թուրք նախագահի ներողությունը, և Ռուսաստանն անցավ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Սակայն հենց այդ փուլում տեղի ունեցավ Թուրքիայի հեղաշրջման փորձը, որի կազմակերպումն Էրդողանը միանգամից վերագրեց իր գաղափարական և քաղաքական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: Սակայն այդ փորձն անտաղանդ էր կազմակերպված, այնքան անտաղանդ, որ բոլորը կարծեցին, թե սա հենց Էրդողանի կողմից է կազմակերպված, ով դրանով իսկ փորձում է հասնել իր սահմանադրական իրավասությունների ընդլայնմանը»,- նման տեսակետ հայտնեց ռուս վերլուծաբանը:
Վերջինիս դիտարկումներով՝ Ռուսաստանն ու Թուրքիան արդեն իսկ ձեռնարկել են քայլեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սակայն, նրա գնահատմամբ, նախկին հարաբերությունները ետ բերելն այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ ռուսական առևտրային կազմակերպություններն արդեն նոր մատակարարներ են գտել, թեև կողջունեն թուրքական արտադրանքի վերադարձը ռուսական շուկա: «Եթե վերականգնվի առանց վիզաների ռեժիմը, դա մեծ թեթևություն կլինի շատերի համար, քանի որ կան ռուս-թուրքական համատեղ բիզնեսներ, ընտանիքներ, կրթական ծրագրեր: Ներկայումս հարաբերություների կայունության որոշակի հեռանկարներ են ուրվագծվում»,- ասաց Նադեին-Ռաևսկին: Հարցին, թե ինչպե՞ս պետք է ընկալել ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դիտարկումներն այն մասին, թե Թուրքիան կարող է մասնակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին՝ Ռաևսկին պատասխանեց, որ Թուրքիան այս կամ այն կերպ մշտապես աջակցելով Ադրբեջանին՝ մասնակցել է հակամարտությանը: Սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ Թուրքիան չի կարող մասնակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
«Մարիա Զախարովան ակնարկել է, որ Թուրքիան կարող է դրական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ մշտապես աջակցել է Ադրբեջանի գործողություններին: Ես այսպես եմ ընկալում Զախարովայի դիտարկումները, պարզ է, որ Թուրքիան չի դառնալու բանակցային ձևաչափի մասնակից, Թուրքիան չի կարող մասնակցել բանակցություններին, Հայաստանը դրան դեմ կլինի, և նույնիսկ նման հեռանկարի պարագայում՝ Հայաստանը դա թույլ չի տա: Իսկ Ռուսաստանը չի փոխել իր քաղաքականությունը, որի էությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարակշռության պահպանումն է, իսկ Թուրքիան կթեքի այդ հավասարակշռությունը, որը ձեռնտու չէ Ռուսաստանին»,- ասաց ռուս թուրքագետը: