«Որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ ղեկավարությունը երբևիցե կգնա նրան, որպեսզի ազատագրված հողերը հանձնվեն՝ առանց ԼՂՀ վերջնական անկախ կարգավիճակ ստանալու». Հերմինե Նաղդալյան

«Բնական է, որ այս բոլոր իրադարձությունները մտահոգիչ են՝ ինչպես մեր պետության հետագա զարգացումների, մեր պետականության ամրապնդման համար, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի իմաստով»,- այսօր ՀՀԿ Գերագույն մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե Երևանում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցությունների ընթացքի վրա:

Նա նշեց, որ մինչև հողերը հանձնելու մասին խոսելը, պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում իրականության մեջ, ինչ բանակցություն կարող է վերսկսվել և ընթանալ Մինսկի խմբի համանախագահների մասնացությամբ.

«Չեմ կարծում, որ որևէ մեկը Հայաստանում կարող է ասել, որ ՀՀ ղեկավարությունը գնալու է կամ երբևիցե կգնա նրան, որպեսզի ազատագրված հողերը հանձնվեն՝ առանց ԼՂՀ վերջնական անկախ կարգավիճակ ստանալուն»:

Նա ընդգծեց, որ ոչ մի բան չի կարող արդարացնել այն, որ «հայը զենք վերցնի հայի վրա կրակելու համար, որ հայը պատանդ պահի, հարձակում գործի պետական հիմնարկի վրա, և տեղի ունենան այն իրադարձությունները, որ մենք տեսանք, որ եղան»:

Տեսանյութեր

Լրահոս