Բաժիններ՝

Հանրահավաքը, «թարս աճած խիյարը», Արմեն Մարտիրոսյանը, Օսիպյանն ու հորդառատ անձրևը

«Ոստիկանական բռնությունները ոչ մեկին չեն վախեցրել։ Հակառակը՝ բոլոր նրանք, ում երեկ Ոստիկանությունը Խորենացի փողոցից բերման ենթարկեց, վերադարձան Ազատության հրապարակ՝ ավելի վճռական, ավելի համոզված, որ ինչ անում են, ճիշտ են անում»,- այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը։ Ավելին, ըստ նրա՝ շատերն ուղիղ եթերում դիտելով Հայաստանի իշխանությունների վերջին շնչի ցնցումները՝ համոզվեցին մի բանում՝ այս իշխանությունները Հայաստան երկրի, պետության, հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն։ Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ երկրի ղեկավարությունն ադեկվատ չէ խնդիրների նկատմամբ։

«Սահմանադրությունն ինչքան ուզեց, այնքան խփեց։ Ինչքան ուզեց, այնքան խփեց ու վստահ էր՝ խփեց ու այդպես էլ կապրի, բայց «Սասնա ծռերի» ձեռքով խիյարը թարս աճեց»»,- ասաց նա՝ նշելով, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսին ճանաչում է, նրանք առանձնանում են նաև իրենց երկրի ճակատագրի նկատմամբ սրտացավությամբ։
Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրավապահներն այսօր փորձում են հայտնաբերել Գարեգին Չուքասզյանին, բայց քանի որ նա այդքան էլ միամիտ չէ, նրանց հնարավորություն չի ընձեռել կեղծ մեղադրանքով ձերբակալելու իրեն:

Ա. Բաղդասարյանը հանրահավաքի մասնակիցներին հիշեցրեց, որ այսօր ՊՊԾ շենքում գտնվող զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի ծննդյան տարեդարձն է, ինչի կապակցությամբ ուղերձ հղեց:

«Վարուժա՛ն ջան, գիտեմ, որ կենացների ու շնորհավորական խոսքերի կարիքը երբեք չես ունեցել, և առավել ևս՝ հիմա դրա ժամանակը չի… Քեզնից լավ քո անելիքը ոչ ոք չգիտի այսօր ու չգիտեր երեկ, երբ դու, լինելով Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից մեկը, քո բազմաթիվ ազնիվ զինվորական ընկերներիդ հետ, ատամներդ սեղմած՝ հետևում էիր Մարտի 1-ի ողբերգությանը, և նրան հետևած՝ տարիներ շարունակվող քաղաքական խեղկատակությանը… Դու Պաշտպանության նախարարությունում ոչ թե պաշտոն էիր զբաղեցնում ու տուն պահում, այլ դա քո կոչումն էր, և սեփական անկախ հայրենիքի սպայի առաքելության բարձր գիտակցությամբ դու քո պարտքն էիր կատարում, ինչպես պաշտոնակից և զինակից ընկերներից շատ-շատերը, որոնք նույնպես հասկանում էին, որ ինչ-որ շատ լուրջ բան այնպես չէ մեր հայրենիքում, ու, որ Տիտանիկը նստած ուղևորների նման՝ գնում ենք դեպի աղետ…

Վահե Ավետյան սպայի խոշտանգումներն և ողբերգական մահն էին այն առիթը, որը ստիպեց քեզ Երրորդ Հանրապետության հետ հույսեր կապելուց հրաժարվել ՝ հասկանալով, որ այն վերջանում է, և, որ շտապ պետք է զբաղվել չորրորդի նախապատրաստմամբ: Եվ, ի զարմանս քո ծառայակից սպաների ու ղեկավարության՝ հրաժարվեցիր բարձր պաշտոնից և աշխատավարձից ու քեզ ամբողջովին նվիրեցիր արժանապատիվ, ինքնիշխան ու արդար նոր Հայաստանը պատկերացնելու և իրականություն դարծնելու քաղաքական պայքարին:

Քո համար այլևս պարզ էր, որ գաղութացված երկրիդ հանցագործ կառավարիչներն այլևս խամաճիկ են, և ուրեմն, անկախության տարիների բացառիկ նվաճումը՝ բանակն անգամ, որը ճնշող մեծամասնությամբ բաղկացած լինելով ազնիվ սպաներից՝ վերածվում է այնպիսի գործիքի, որը, կամա թե ակամա, օտարի քաղաքական ղեկավարության հրամանատարության տակ է անցնում…

Վկան՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, որն էլ դարձավ այն վերջին կաթիլը, որը քեզ ու ընկերներդ ստիպեց գնալ ապստամբական գործողության՝ հասկանալով, որ թշնամին տանն է ու շուտով հասնելու է մեր ընտանիքներին, և ժամանակն է՝ սեփական ինքնազոհությամբ արթնացնել և նվաճել ժողովրդի սիրտը…

Գիտեմ, որ շատ ընկերներ ունես Պաշտպանության նախարարությունում, առավել ևս՝ համակիրներ, որոնք ամբողջովին կիսում են քո գաղափարները, որոնք մշտապես կարդացել են քո քաղաքական հոդվածները և լսել ելույթները՝ համակրելով նրանց…

Վստահ եմ, որ, եթե այս հանցագործ բանդան որոշի գրոհել ձեր վրա, ապա կհասունանա քո բանակային ընկերների ժամանակը ևս…

Դեպքերի բոլոր հնարավոր զարգացումների դեպքում դու և ապստամբ ընկերներդ հասել եք ամենակարևորին, նվաճել եք ամենաթանկ բանը կյանքում՝ ձեզ ծնած ու սնած ժողովրդի այն սերը, որով այն պարուրեց այս օրերին քեզ ու քո ընկերներին և հավատաց, որ Սասնա Ծռերը նորից իրենց քաղաքում են ապրում՝ իրենց կողքին…»,- շնորհավորական ուղերձն ընթերցեց Ալբերտ Բաղդասայանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարթակից հայտարարեց, որ քաղաքական պահանջների լեգիտիմացումը պայքարի առաջին փուլն էր, այժմ ակնհայտ է, որ պայքարը մտել է քաղաքական փուլ, պահանջները ձևավորված են, կա պահանջատեր ժողովուրդը, և հստակ է, թե պահանջներն ում են ուղղված:

«Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր անկյուններում ինքնակազմակերպվել, տարբեր հ/կ-ների, կուսակցությունների, տարբեր կառույցների հետ ինքնակազմակերպվել և սկսել քաղաքացիական անհնազանդության քայլեր՝ հավաքներ, փողոցների փակել և այլն:

«Սասնա ծռերի» գործողությամբ Հայաստանում դրվել է ապստամբության, փոփոխության հիմքը, և այն պետք է շարունակվի»,- ասաց Ա.Մարտիրոսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին՝ համացանցով հետևելու փոխարեն՝ գնալ Ազատության հրապարակ:
Ա.Մարտիրոսյանը հայտարարեց, որ երթով շարժվում են դեպի Բաղրամյան փողոց:

Սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց մարդկանց չտանել Բաղրամյան, քանի որ երթն արտոնված չէ, ու, եթե Փոքր Կենտրոնում կարող են հանդուրժել, ապա Բաղրամյանից պետք է ողջամիտ հեռավորության վրա լինեն.

«Հորդորում եմ բախումներից խուսափելու համար՝ մարդկանց չտանել Բաղրամյան»:
Ա.Մարտիրոսյանը խոստացավ, որ բախումներ չեն լինի, ու երթը շարժվեց դեպի Բաղրամյան:

Րոպեներ անց հորդառատ անձրև սկսվեց, հանրահավաքի մասնակիցներից շատերը հավաքի անկազմակերպ լինելու, կոնկրետ ռազամավարություն չտեսնելու, ինչպես նաև՝ հորդառատ անձրևի պատճառով՝ լքեցին երթի շարքերը: Մյուսները խմբված են Բաղրամյան փողոցի սկզբնամասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս