«Բոլորիս համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք իսկապես ճիշտ դասեր քաղել այս ամենից». Հերմինե Նաղդալյան

«Մեր մոտեցումը եղել է այն, որ հայը հայի վրա չպետք է կրակի, և նոր զոհեր չպետք է ունենանք. մինչ այսօր իշխանությունը շարունակում է նույն մոտեցումը, որ չունենանք նոր զոհեր»,- այսօր ՀՀԿ Գերագույն մարմնի հերթական նիստից հետո այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու փաստը և զարգացումները:

Նրա խոսքով՝ իրավիճակին պետք է գտնեն խաղաղ հանգուցալուծում. «Դրա համար ամեն բան է արվում, հուսով ենք, որ իսկապես գտնելու ենք այդ խաղաղ հանգուցալուծումը»:

Հարցին, թե հանուն խաղաղ հանգուցալուծման՝ ՀՀԿ-ն ի՞նչ զիջումների է պատրաստ, Հ. Նաղդալյանը պատասխանեց, որ չպետք է խոսել զիջումների մասին, այլ խոսքը պետք է գնա այն մասին, որ կարողանանք առանց արյունահեղության՝ հանգուցալուծում ունենալ.

«Խնդիրները, որոնց մասին խոսվում են, բավականին լուրջ խնդիրներ են, որոնք տարիներով կուտակված են, որոնց լուծման ուղղությամբ ՀՀԿ-ն աշխատել է, աշխատում է և աշխատելու է»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե՝ ՀՀԿ-ն այս ամենից ի՞նչ դասեր է քաղել, Հ. Նաղդալյանն այսպես պատասխանեց.

«Բնականաբար, բոլորիս համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք իսկապես ճիշտ դասեր քաղել այս ամենից, կարծում եմ՝ դա մեր վաղվա, մյուս օրվա գործընթացներն են լինելու»:

Անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հետ կապված ստորագրահավաքին, Հ. Նաղդալյանն ասաց, որ խնդիրը ոչ թե արտահերթ նիստ գումարելու մեջ է, այլ օրվա առաջին խնդիրն օպերատիվ խմբինն է՝ իրավիճակի հանգուցալուծումը.

«Այսօր կան բազմաթիվ քրեական գործեր, գնում է քննություն, և այս պարագաներում պատգամավորների կողմից քննարկումը հղի է նաև նրանով, որ կարող են առաջանալ նոր սրացումներ, և կարող է գնալ բռնության և իրար չհասկանալու ալիքներ: Մեր մոտեցումը եղել է՝ չվնասել բանակցային գործընթացին»:
Հարցին, թե Դուք «Սասնա ծռեր» խմբի անդամներին ահաբեկիչներ համարո՞ւմ եք, Հ. Նաղդալյանն այսպես արձագանքեց.

«Ես անձամբ համարում եմ, որ որևէ մեկը մեր երկրում որևէ պայմաններում հարցի լուծման ձևը չպետք է համարի զենք վերցնելը և դիմացինի վրա կրակելը, ՀՀ-ում որևէ մեկն իրավունք չունի զենքով որևէ հարցի լուծման գնալ»:

Դիտարկմանը, թե 2008 թվականի Մարտի 1-ին իշխանությունները զենք օգտագործեցին ժողովրդի դեմ, Հ. Նաղդալյանն այսպես պատասխանեց.

«Նախ, որևէ մեկը չի ասել, որ դա իշխանությունն է արել, և որևէ մեկը չի ողջունել այն երևույթները, որ եղել են Մարտի 1-ին, դա իրոք մեր երկրի համար լուրջ ցավ և խնդիր է: Այսօր իշխանությունն առաջին հերթին՝ մտահոգված է, որ նման դեպքերի կրկնություն չլինի»:

Հ. Նաղդալյանը շատ վատ է վերաբերվում «Սասնա ծռեր» խմբի կողմից բուժաշխատողներին «պատանդ» վերցնելու փաստին: Նա հատկապես մտահոգված է, որ այդ բուժաշխատողների մեջ կին կա: Ըստ նրա՝ «վայել չէ հայ մարդկանց՝ հայ կնոջը պատանդ պահելը»:

Տեսանյութեր

Լրահոս