«ՊՊԾ գունդը գրաված զինյալները քաղաքական պահանջներ դնելու բարոյական իրավունք չունեն». Մարտինով

«Հայաստանում տեղի ունեցողն արմատականության դրսևորում է»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման պահանջներին, որոնց շարքում քննարկվում է նաև Ղարաբաղի շուրջ 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելու անթույլատրելիության հարցը:

Ալեքսեյ Մարտինովն ասաց, թե չգիտի՝ արդյոք կա՞ն նման փաստաթղթեր բանակցային սեղանին: Ըստ նրա, ակնհայտ է միայն, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսվել են, դրանք դրական ընթացք են ունեցել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո:
«Եվ փառք Աստծո, որ ընթանում են, քանի որ այդ բանակցությունների այլընտրանքը ռազմական գործողությունների վերսկսումն է»,- ասաց Մարտինովը:

Իսկ այն, ինչ տեղի է ունենում Երևանում, նրա որակմամբ՝ պետական կառույցներից մեկի՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված գրավումը, պատանդառումը, չունի որևէ առնչություն ոչ քաղաքական հարցերի, ոչ քաղաքական գործընթացների և ոչ էլ ընդդիմադիր գործունեության հետ, քանի որ դա, ըստ Մարտինովի, արմատականության դրսևորում է, ահաբեկչություն: Ավելին, ռուս վերլուծաբանի կարծիքով, մարդիկ, որոնք իրականացնում են նման քայլեր, բարոյական իրավունք չունեն դնել քաղաքական պահանջներ:

«Այդ մարդիկ հանցագործներ են և էքստրեմիստներ»,- նկատեց Ալեքսեյ Մարտինովը:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումից, որը, ըստ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ կայանալու է Ռուսաստանում օգոստոս ամսին, այն դեպքում, երբ ֆրանսիական կողմն առաջարկել էր հյուրընկալել նախագահների հաջորդ հանդիպումը, Մարտինովն ասաց, որ Ռուսաստանն ավելի լուրջ դերակատարություն է ստանձնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի այս փուլում, քան նախորդ շրջանում: Ուստի, ըստ նրա, ենթադրելի է, որ հանդիպումը կարող էր կրկին կազմակերպվել Ռուսաստանում:

«Ռուսաստանն Անդրկովկասի անվտանգության երաշխավորն է, ուստի ակնհայտ է՝ ինչո՞ւ է այդ հանդիպումը ևս կազմակերպվելու Ռուսաստանում՝ հաշվի առնելով նաև պետերբուրգյան հանդիպման դրական արդյունքները: Կարծում եմ, որ հարցն այս դեպքում հանդիպման վայրը չէ, այլ բանակցությունների արդյունքները: Եթե դրանք մոտեցնեն կամ հանգեցնեն կողմերին կարգավորման, ապա միայն պետք է ողջունել»,- նկատեց Մարտինովը: Վերջինիս համոզմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է հակամարտության կարգավորում և մշտապես ջանքեր է ներդրել այդ ուղղությամբ, սակայն կարգավորումը կախված է կողմերից, և իշխանությունները պետք է հասկանան, որ հասարակությունները հոգնել են վախի մթնոլորտում ապրելուց:

Ալեքսեյ Մարտինովը նշեց, թե չի կարող ասել՝ ինչ արդյունքներով կավարտվի օգոստոսյան հանդիպումը, սակայն հույս հայտնեց, որ այն կուղղորդի գործընթացը՝ դեպի կարգավորում:

Տեսանյութեր

Լրահոս