«Եթե ես զգամ, որ պետք է դուրս գամ հակաճգնաժամային խորհրդի կազմից՝ դուրս կգամ, որ այս գործը չտուժի». Անդրիաս Ղուկասյան

«Խորհրդային Միության միլիցիայի ավանդույթներին հարիր՝ Ոստիկանությունը խախտեց մարդկանց իրավունքները ՝ նախապես որոշված քանակով և որոշակի ժամանակով մարդկանց ազատությունից զրկելու նպատակով»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ երեկ բերման ենթարկվեց նաև Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամների մեծամասնությունը.

«Բերման ենթարկվածներից երկուսը՝ Ալեք Ենիգոմշյանը և Լևոն Բարսեղյանը, ձերբակալվեցին: Նախորդ գիշեր ապրօինի զենք կրելու շինծու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Արմեն Միքայելյանը: Այս պահի դրությամբ ձերբակալված են խորհրդի 3 անդամներ, որոնց իշխանությունը պատանդ է վերցրել»:

Ա. Ղուկասյանը հայտարարեց, որ վերջին երեք օրերի ընթացքում «հանցավոր վարչախումբը տապալեց «Սասնա ծռեր» ապստամբ խմբի հետ բանակցությունները և փորձ արեց չեզոքացնել ապստամբների և ժողովրդի միջև կամուրջը»:

Նրա խոսքով՝ այդ գործելակերպով վարչախումբը դրդում է ժողովրդին համաժողովրդական ապաստամբության՝ դրանից բխող հետագա ծանր հետևանքներով:

«Ձերբակալված գործիչների ժամ առաջ ազատումը վարչախմբի վերջին հնարավորությունն է՝ ցուցաբերելու պատասխանատու վերաբերմունք երկրում ծավալվող համաժողովրդական ընդվզման նկատմամբ: Այսօր ժամը 19:30-ին կոչ ենք անում համաքաղաքացիներին՝ համախմբվել Ազատության հրապարակում՝ քննարկելու երկրում տիրող իրավիճակը»,- հայտարարեց նա:

Ա. Ղուկասյանը համոզված է, որ շատ վտանգավոր է հանրության համար Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությունը, քանի որ նա հանդիսանում էր կամուրջ ապստամբների և հանրության միջև.

«Իրեն վստահում էին ապստամբները, իրենց վստահում էինք մենք: Այս պահի դրությամբ այդ կարևոր օղակի բացակայությունը նոր իրավիճակ է ստեղծում, և մեր համոզմամբ՝ դա անբարենպաստ վիճակ է բոլորի համար, դրա համար պնդում ենք, որ Ալեք Ենիգոմշյանը ժամ առաջ պետք է ազատ արաձակվի»:

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանն էլ հայտարարեց, որ նման իրավիճակում Ազգային ժողովը ժամանակ չի գտնում կամ գլխի չի ընկնում, որ պետք է արտահերթ նիստ հրավիրել ու այս հարցերը քննարկել:

Ըստ նրա՝ մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակների ռեժիմում

. «Մեր մոտ գործում են միայն Ոստիկանությունը և ԱԱԾ-ն, ես չեմ տեսնում մյուս ինստիտուտների գործունեությունը: Իշխանությունն ընտրել է ուժի ճանապարհը և ամեն ինչ տանում է բախման, որպեսզի հերթական անգամ Մարտի 1 արձանագրելով՝ ևս 40-50 տարի երկիրը հետ գցի: Կոնկրետ ես այստեղ եմ, որպեսզի իմ մասնակցությունը բերեմ, որպեսզի ինչքանով կարող եմ՝ այդ բանը վիժեցնեմ»:

Ա. Ղուկասյանը նշեց, որ իրենք համարում են՝ ինչ-որ մի փուլ է ավարտվել, տեսանելի է դարձել բոլորին հանրության դիրքորոշումն այս հարցում.

«Կոնկրետ հուլիսի 26-ի մարդաշատ երթն այդ հարցում մտցրեց հստակություն, ստեղծվեց քաղաքական իրավիճակը, որ մեզ համար հիմք է, որ հիմա կա երկրորդ խնդիրը՝ ապահովել հանրության անվտանգությունը, ստեղծել մեխանիզմներ, որ հնարավոր լինի ազդել իրավիճակի վրա: Սա բոլորովին այլ խնդիր է, դրա համար խորհրդի կազմում տեղի ունեցան փոփոխություններ, դեռ ավարտված չէ այդ գործընթացը, զուգահեռ պահելով այդ հանրային ակցիաները՝ մենք այդ կազմակերպչական աշխատանքներն ենք կատարում: Նույնիսկ այս պարագայում մենք գտնվում ենք իրավիճակին հավասար, քայլում ենք իրադարձությունների հետ զուգահեռ, բայց այսօր խնդիր կա՝ մեր կազմն ընդլայնելու»:

Հարցին, թե՝ արդյոք ձեր ներսում կա՞ն տարաձայնություններ՝ հաշվի առնելով երեկվա միջադեպն Ազատության հրապարակում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ, և արդյոք կա՞ն մարդիկ, որ այլևս խորհրդի կազմում չեն, Ա. Ղուկասյանը պատասխանեց՝ տարաձայնություններ չկան:

«Տարաձայնություններ չեն կարող լինել, որովհետև պատասխաատվությունը, որը ստանձնված է, լուրջ է, մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որտեղ կյանքի, առողջության հարցեր են: Կա խնդիր, թե ով կարող է որոշ չափով իր վրա պատասխանատվություն վերցնել: Այս պարագայում չկա մեխանիզմ՝ որևէ մեկին հեռացնել խորհրդի կազմից, բոլոր որոշումները մարդիկ կայացնում են ինքնուրույն՝ ելնելով իրավիճակից, եթե ես զգամ, որ պետք է դուրս գամ կազմից, ես դուրս կգամ, որ այս գործը չտուժի, մենք չենք ամփոփել խորհրդի վերջնական կազմը, մենք գործում ենք կարճ ժամանակում: Սա ժամանակավոր միավոր է: Գտնում ենք՝ մոտակա ժամանակում հանրությանը կներկայացնենք՝ ովքեր են խորհրդի կազմում»,- նշեց Ա. Ղուկասյանը:

Տեսանյութեր

Լրահոս