«Ժամանակ քիչ ունենք, առջևում դաժան պատերազմ է». Հրանտ Բագրատյան
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ևս համաձայնություն է տվել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությանը: Այս մասին Հ. Բագրատյանը հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութի մեջ, քանի որ այս օրերին նա Հայաստանում չէ: Ըստ նրա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է իր մոտ հրավիրի և քննարկի քաղաքական իրավիճակը:
«Այն, ինչ կատարվում է այսօր Երևանում, դա խոր ճգնաժամի արդյունք է»,- ասել է Հ. Բագրատյանը:
Նա նշել է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ընդունված Սահմանադրությունը կործանման է տանում, սահմանադրական «բարեփոխումներն» ընդունելիս՝ ինքը զգուշացրել էր, որ դրանով հնարավոր չէ ընտրություններով փոխել իշխանությունը, իսկ նման դեպքերում մարդիկ դիմում են այլ միջոցների:
Ըստ Հ. Բագրատյանի՝ ինքը նույնիսկ կոչ է արել Սերժ Սարգսյանին, որ ավելի լավ է՝ լինել դիկտատոր, ինչպես Իլհամ Ալիևն է, որ ունի պատասխանատվություն, քան ունենալ մի համակարգ, երբ ունես բոլոր իրավունքները, բայց չունես ոչ մի պատասխանատվություն.
«Եվ երբ մարդիկ տեսնում են, որ ճար չկա, դիմում են ռազմական միջոցների: Մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելու իրենց իրավունքները, շտկելու պետությունը, որը կառավարվում է շատ ցածր որակով»,- տեսաձայնագրության մեջ ասել է նա:
Պատգամավորին զայրացրել են մարդկանց բերման ենթարկելու, քրեական գործեր հարուցելու, բռնություն իրականացնելու փաստերը: Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք է հասկանան, որ իրենց գործունեության հետևանքով է նման իրավիճակ ձևավորվել:
«Ես կարծում եմ՝ մենք պետք է նաև խորհրդարանական լսումներ կազմակերպենք, գտնենք այս իրավիճակից դուրս գալու սահմանադրական ելքեր, ընդհուպ՝ մինչև դրա փոփոխությունը: Ժամանակ քիչ ունենք, առջևում պատերազմ է, դաժան պատերազմ: Դրան պետք է գնալ որոշակի համախմբվածության մթնոլորտում, այլապես մենք կորցնելու ենք ոչ միայն՝ Արցախը, այլև՝ Հայաստանը»,- ասել է Հ. Բագրատյանը՝ կոչ անելով իշխանությանը՝ փոխել վերաբերմունքը, ուշքի գալ և փորձել այս ճգնաժամից դուրս գալու ելքեր առաջարկել:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ այս պահին ստորագրել են 13 պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսականյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը:
Նախաձեռնությանը միանալու մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, հիշեցնենք, անհրաժեշտ է 44 ստորագրություն: Ստորագրություններով ձևաթուղթը ներկայացնելու ժամկետը լրանում է ժամը 17:00-ին: Ն.Փաշինյանն իր էջում կոչ էր արել, որ ով ունի որևէ կոնտակտ ԱԺ որևէ պատգամավորի հետ, զանգի նրան, գրի, խնդրի, պահանջի, որ ստորագրեն:
Համապատասխան ձևաթուղթը ստորագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 098 77 18 81: