Ովքեր են ստորագրել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ

ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ այս պահին ստորագրել են 13 պատգամավորներ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը:

Ձևաթուղթը ստորագրել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսականյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը:

ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու և ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Ն.Փաշինյանի նախաձեռնությանը միանալու մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում:

Նա նշել է, որ ցավոք սրտի, այս պահին արդեն ակնհայտ է, որ այսօր մինչև 17:00 համապատասխան թվով ստորագրություններ չեն հավաքվի: Նա առաջարկել է համապատասխան թվով համաձայնություն ունենալուց հետո կրկին ձևաթուղթ վերցնել։ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, հիշեցնենք, անհրաժեշտ է 44 ստորագրություն:

Կարդացեք նաև

Ստորագրություններով ձևաթուղթը ներկայացնելու ժամկետը լրանում է ժամը 17:00-ին: Ն.Փաշինյանն իր էջում կոչ էր արել, որ ով ունի որևէ կոնտակտ ԱԺ որևէ պատգամավորի հետ, զանգի նրան, գրի, խնդրի, պահանջի, որ ստորագրեն: Համապատասխան ձևաթուղթը ստորագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 098 77 18 81:

Հավելենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությանը միացել է նաև Հրանտ Բագրատյանը: Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութի մեջ նա նշել է, որ նաև ՀՀ նախագահը պետք է իր մոտ հրավիրի և քննարկի քաղաքական իրավիճակը: «Այն, ինչ կատարվում է այսօր Երևանում, դա խոր ճգնաժամի արդյունք է»,- ասել է Հ.Բագրատյանը:

Տեսանյութեր

Լրահոս