«Ցանկացած պայմանով մարդու կամքին հակառակ պահելը կոչվում է՝ պատանդության մեջ պահել». Լարիսա Ալավերդյան

«Մենք գտնում ենք, որ իշխանությունները նպատակադրվել են ոչ թե սպանել այդ մարդկանց, այլ խեղել նրանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի և իշխանությունների գործողությունների մասին:

Նա նշեց, որ իշխանությունը պարտավորություն ունի այդ անձանց՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ապահովելու սննդով և բուժօգնությամբ, ցմահ դատապարտված անձի նկատմամբ ևս պարտավոր է.

«Այսօր մենք գործ ունենք մի խմբի հետ, որի հանդեպ դեռ նոր է հարուցվել գործ: Որևէ մեկին՝ բժիշկ լինի թե ով, որևէ իրավիճակում այդ անձանց կամքին հակառակ պահելը ևս համարվում է Ժնևյան կոնվենցիաների խախտում: Այսինքն՝ ստացվում է, որ գործողություններն այնպես են զարգանում, որ մի սխալ գործողության արդյունքում, դրան հետևում է մեկ այլ սխալ գործողություն, ինչը կոչվում է՝ սրացում: Իշխանությունները գնում են ճգնաժամային այս իրավիճակի սրացման, որոնց պատասխանում են այդ խմբի անդամները»:

Նա նկատեց, որ նախագահին առնթեր Հանրային խորհուրդը մեկ անգամ հավաքվել է այս հարցը քննարկելու: Լ. Ալավերդյանն առաջարկեց, որ Հանրային խորհուրդը հրավիրի ՀՀ նախագահին, հասարակական կազմակերպություններին, և ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկում անցկացնի:

Լ. Ալավերդյանը հայտարարեց, որ դատապարտելի է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից բուժաշխատողներին ՊՊԾ գնդում առանց իրենց կամքի պահելը: Նրա բնորոշմամբ՝ դա պատանդ պահել է:

Դիտարկմանը, թե խմբի անդամներն ասում են՝ «մենք պատանդ չենք պահում, ընդամենը բժշկական հերթափոխ ենք պահանջում», Լ. Ալավերդյանն այսպես արձագանքեց.

«Ցանկացած պայմանով մարդու կամքին հակառակ պահելը կոչվում է՝ պատանդության մեջ պահել, այն, որ իշխանությունը չի իրականացնում իրենց պահանջները՝ չի արդարացնում պատանդության մեջ մարդկանց պահելը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս