![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե Նիկոլն այն ժամանակ իր հայրիկին ու մայրիկին լսած լիներ, իր կյանքի ուղին բավականին ճիշտ կգնար». Պարույր Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/Paruyr-Hayrikyan11.jpg)
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի ելույթներին` նշեց.
«Առաջին օրերին Նիկոլի պահվածքը շատ էի հավանում: Նիկոլը վերջում քննադատեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որին համարում էր իր քաղաքական ծնողը: Բայց նա ունի ուղղակի ծնողներ` իր հայրն ու մայրը: Երբ Նիկոլը երիտասարդ էր, մոտեցավ ինձ՝ որպես լրագրող, ու ասաց` «պարոն Հայրիկյան, հայրս ու մայրս Ձեզ են ընտրել»: Հարցրի` իսկ դո՞ւ: Ժպտաց… ենթադրում եմ, որ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Եթե այն ժամանակ իր հայրիկին ու մայրիկին լսած լիներ, իր կյանքի ուղին բավականին ճիշտ կգնար»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ «դաշինք կազմելու» մեջ.
«Ես հիմա ցավալի արձանագրում եմ անելու, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է «լավրովյան պլան» անունով: Դա մի խայտառակ լուծում է ՀՀ-ի համար, և այդ լուծմանը համաձայնելն ամոթալի է ո՛չ միայն առաջին դեմքերի, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում:
Բացի աշխարհայացքային, աշխարհաքաղաքական պատճառներից՝ այստեղ կա ևս մեկ կարևոր անձնական մոտիվ՝ Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի, ի վերջո, կարողանա արձանագրել, որ ինքը 1996, 1997 թվականներին ճիշտ էր ասում: Բայց սա, նորից եմ ասում, ամոթալի մոտեցում է»,- ասել էր Փաշինյանը:
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սխալվեց ու իր դեմ տրամադրեց բոլորին, երբ հայտարարեց, որ իրենք միակ ընդդիմությունն են.
«Բայց չեմ կարծում, որ Փաշինյանը կամ որևէ մեկը մի սխալի համար արտամղվի: Ուրախ կլինեմ, որ Նիկոլն իր ներկայությամբ հարստացնի: Նրա նահանջը ծանր հարված էր: Չեմ կարծում, որ նա այդ հարվածը ծրագրել էր, չնայած՝ չեմ էլ բացառում»: