ՀՀԿ-ն գերագույն մարմնի նիստ կգումարի
Այսօր երեկոյան ժամը 20:00-ին գումարվելու է ՀՀԿ գերագույն մարմնի հերթական նիստը: Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկվելու է նաև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խնդիրը: ՀՀԿ ԳՄ նիստերը ղեկավարում է նախագահ Սերժ Սարգսյանը:
Ուղիղ 1 շաբաթ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հյատարարել էր, որ տվյալ փուլում կառավարող ՀՀԿ-ի համար թիվ մեկ խնդիրը ՊՊԾ գնդի շենքի գրավման արդյունքում Երևանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորումն է: Նա տեղի ունեցածը որակել էր որպես «ողբերգություն», որի արդյունքում զոհվել է ընկերը, զինակիցը, հայ ժողովրդի զավակ և պաշտպան գնդապետ Արթուր Վանոյանը:
«Մեզ հարկավոր չէ նոր արյուն, Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր եղբայրներն են: Կան բազմաթիվ խնդիրներ, սակայն այսօր թիվ մեկ խնդիրը, տվյալ փուլում, հնարավոր բոլոր միջոցներով, բանակցությունների միջոցով իրավիճակի խաղաղ կարգավորման հասնելն է», – ասել էր Շարմազանովը: