«Իշխանությունների արածն այլանդակություն է». Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ ԳԽ նախկին պատգամավոր, հակաճգնաժամային խորհրդի համակարգող Ալբերտ Բաղդասարյանի նախաձեռնությունը հետաքրքրական էր, թեև նրա խոսքով՝ երկու շաբաթ առաջ Մտավորականների խորհրդում ընդգրկվելու իր առաջարկի ժամանակ Բաղդասարյանը կրավորական կեցվածք էր ընդունել.
«Բայց ես չհիշեցրի նրան, որ նմանատիպ մի խորհրդի կազմում չուզեց ընդգրկվել: Երեկ ինքն ինքնուրույն որոշում ընդունեց, որ պատասխանատվությունը փոխանցում է անորոշ մարդկանց։ Դա ճիշտ չեմ համարում: Ես Ալբերտ Բաղդասարյանին շարունակում եմ սիրել և գնահատել, բայց դա ճիշտ քայլ չէր: Երեկ ցերեկը, երբ ես ներկա չեմ եղել խորհրդի նիստին, խորհուրդը որոշել է, որ մի մասը, շատ լավ իմանալով, որ պետք է բերման ենթարկվեն, գնան Խորենացի փողոց: Խորհուրդը հավաքի համար ընտրել էր Ազատության հրապարակը, որ ովքեր մնում են դրսում՝ գործը շարունակեն»:
Հայրիկյանի խոսքով՝ թեև հավաքն անկազմակերպ էր, բայց ժողովրդական էր: Նրա պնդմամբ՝ երեկ Ալբերտ Բաղդասարյանը, երբ հրապարակավ խոսեց գործընթացի մասին, արդեն ներկայացրեց ԱԻՄ-ի առաջարկած գործելակերպը.
«Այսինքն՝ նույնիսկ այսպիսի վճռական փուլում գործողությունները պետք է լինեն Սահմանադրությունից բխող: Դու պահանջում ես Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց եթե ամենակարևոր բանին ինքը պատրաստ է, ուրեմն դրանից առաջ պետք է այլ քայլ անի՝ ըստ Սահմանադրության՝ ձևավորի անցումային շրջանի կառավարություն, որպեսզի այդ 40 օրվա ընթացքում մենք անորոշության և այդ կամայականության միջավայրում չխարխափենք»:
Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ մարդկանց հրապարակ տանող ամենակարևոր բանն արյունահեղության բացառումն է.
«Ես փառք եմ տալիս Աստծուն, որ մենք նոր մարդկային զոհեր չունենք, բայց ուղղակիորեն պետք է ասեմ՝ իշխանությունների արածն այլանդակություն է: Եթե մարդիկ կրակ չեն բացում, դու կրակ ես բացում, որքան էլ խոսվի, արդարացվի, այլ պետությունների օրինակ բերվի, եթե դու հրապարակավ հայտարարել ես, որ ամեն կերպ պետք է հրաժարվես արյուն թափելուց, պետք է դրան հավատարիմ լինես: Իշխանություններն են կրակել, ու Պավլիկ Մանուկյանն իշխանությունների տված հրամանի պատճառով է այսօր վիրավոր»։