Բաժիններ՝

Պետերբուրգում գողերը Գալինա Ստարովոյտովայի տուն-թանգարանից հափշտակել են նաև Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նվիրած խաչը

Թալանվել է 17 տարի առաջ սպանված հայտնի քաղաքական գործիչ Գալինա Ստարովոյտովայի տուն-թանգարանը: Թանգարանը թալանելու մասին տեղեկությունը հայտնի է դարձել հուլիսի 27-ին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Երբ այնտեղ է գնացել տուն-թանգարանի տնօրենը՝ Գալինա Մարկելովան, տեսել է, որ թանգարանի պահարանների դռներն ու ցուցափեղկերը բաց են։ Ավելի ուշ այնտեղ է գնացել Գալինա Ստարովոյտովայի հիմնադրամի ղեկավարը՝ սպանված պատգամավորի քույրը` Օլգա Ստարովոյտովան։

Կանայք հայտնաբերել են բարերարի կողմից նվիրաբերված նոր համակարգչի կորուստը, պատգամավորի անձնական իրերի բաժնից հափշտակվել են նրա ժամացույցը, մատանին և ոսկյա խաչը։

4294892

«Այդ խաչի ինքնարժեքը մեծ չէ, սակայն այն իրականում անգին է: Այն Գալինա Ստարովոյտովային նվիրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: Դա շատ մեծ կորուստ է»,- ասել է Օլգա Ստարովոյտովան:

«Վազգեն Առաջինը հայերի համար յուրահատուկ մարդ է, նրանք հարգում են նրան գրեթե որպես սրբի։ Նման խաչը մենք չենք վերադարձնի, սակայն եթե հանկարծ ինչ-որ մեկը մեր հայկական համայնքից ունենա ձևի նման խաչ, մենք երջանիկ կլինենք դնել այն կորածի տեղում։ Ինչ-որ մի այլանդակ գայթակղվել է 5 գրամ ոսկով՝ չիմանալով այդ խաչի արժեքը»,- ասել է նա։

Գալինա Ստարովոյտովայի հիմնադրամի աշխատակիցները կարծում են, որ հարկավոր է դիմել ոստիկանություն, սակայն Օլգա Ստարովոյտովան կարծում է, որ դա անիմաստ է:
Գալինա Ստարովոյտովայի հիմնադրամը հասարակական կազմակերպություն է, որը գումար չունի թանգարանի պահպանության համար: Թանգարանի լուսանկարները, տեսագրություններն ու գրքերը չեն տուժել:

Գալինա Ստարովոյտովան սպանվել է 1998թ. նոյեմբերի 20-ին իր բնակարանի շքամուտքի մոտ: Սպանության պատվիրատուն մինչ օրս չի հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս