Բաժիններ՝

«Անհրաժեշտ են իրական բանակցություններ, այլապես կարող ենք հայտնվել վտանգավոր քաոսի մեջ». Աշոտ Մանուչարյան

Վերջին 10 օրերին Երևանում ծավալվող բողոքի շարժումը քաղաքացիական պատերազմի սկիզբ չէ, քանի որ այդ որակավորումը կարելի է տալ, եթե կան ինչ-որ կողմեր:
Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում կա մարդկանց մի նեղ շրջանակ, որը յուրացրել է իշխանությունը և որն ընդհանրապես դուրս է ադեկվատությունից:

«Իրենք ամեն ինչի դրականը սպանեցին շատ արագ և բերեցին, մարդկանց կանգնեցրին մի իրողության առջև, որ որևէ ճանապարհով, որևէ խոսակցությամբ, որևէ գործողությամբ, որևէ քայլով հնարավոր չի վիճակը փոխել: Եվ զարմանալի չէ, որ մեկը մյուսի հետևից խմբեր են հայտնվում, որ ուզում են իրենց սպանեն, կամ, չգիտեմ, ինչ-որ ահաբեկչություն գործեն»,- ասաց Ա. Մանուչարյանը:

Ըստ նրա՝ անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ միայն զենքով կա հային փրկություն, և սա իրենց ստեղծած վիճակն է:
Ա. Մանուչարյանը նկատեց, որ «Սասնա ծռեր» խմբի պահանջները զուտ քաղաքական են, և, եթե այս ղեկավարությունն ադեկվատության գոնե մի հուլա ունի, ապա պարտավոր է կառչել դրանից ու քաղաքական ինչ-որ գործընթաց սկսել. «Սակայն պարզվեց ունակ չեն անգամ այդ բանին: Մահացու վտանգ է կախվել իրենց հանդեպ»:
Ա. Մանուչարյանը նշեց, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից պատանդներին բաց թողնելու մարդկային ֆոնին իշխանությունն անմարդկային ձևով պատասխանեց, երբ վիրավորներին հանձնող մարդուն կրակեց խոշոր տրամաչափի գնդացրով, որը սպանության զենք է. «Եթե անգամ ոտքերին է կրակում՝ այն սպանում է, որովհետև արյունահոսությունը կանգնեցնել հնարավոր չէ»:

Ա. Մանուչարյանի կարծիքով՝ իշխանությունը փնտրում է արյունալի բախում, իսկ ժողովուրդը հենց այսօր կարող է ոտքի կանգնել և գնալ նման քայլերի.

Կարդացեք նաև

«Հայաստանի համար դա շատ մեծ վտանգ է, որովհետև Հայաստանը կարող է հայտնվել քաոսի շրջանում: Այսօր Հայաստանում ավելի վատ է իրադրությունը զարգանում, քան Ուկրաինայում, որտեղ Յանուկովիչի հեռացման ժամանակ կային միջնորդական օղակներ»:

«Քաոսի ժամանակ ատելի իշխողին պատառ-պատառ են անում, նա չի հասցնում բանտ մտնի, նա չի հասցնում դատարանի առաջ կանգնի: Ո՞նց ես այսպիսի քայլեր կատարում, ինչի՞ց ելնելով, ո՞վ է քեզ վարում, ո՞վ է քեզ դրդել,- հարցադրում արեց Ա.Մանուչարյանն ու շարունակեց,- Եթե մենք գործ չունենք բանականությունը լրիվ կորցրած մարդու հետ, ուրեմն նա վերցված է արտաքին կառավարման, որովհետև այսպիսի գործողություն, հրեշավոր թե´ իր անձի, թե´ երկրի հանդեպ, ես ուրիշ տրամաբանություն չեմ տեսնում»:

Ա.Մանուչարյանը դիմեց իշխանական շրջանակի ադեկվատ ներկայացուցիչներին՝ մահացու վտանգից խուսափելու համար սկսել իրական բանակցային գործընթաց, նաև դիմեց հասարակական կառույցներին, անգամ՝ որոնք գրանտակեր են՝ հավաքվել, ձևավորել քաղաքական շրջանակ և զանգվածային արյունահեղությունից և անկարգություններից խուսափելու համար վերահսկողություն սահմանել, այլապես, ըստ նրա, Հայաստանին սպառնում է անիշխանությունը:

«Մեր երկիրը հիմա աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է: Երկու գերուժերն իրար հարվածում են մեր երկրով: Եվ այդ իրավիճակում դու հանկարծ այսպիսի բան գտնե՞ս: Եթե ինձ պետք է այսօր այս երկիրը պայթեցնել, երկրորդ խումբն այդտեղ կհայտնվի: Հայաստանում կան տասնյակ-հարյուրավոր այդպիսի խմբեր, որոնց համբերության բոլոր բաժակները լցված են, ամեն վայրկյան կարող են սկսվել կրակոցներ ամեն ուղղություններով, իսկ դու ժողովրդի վրդովմունքը հասցրել ես կիզակետի, նա մասսայական պատրաստ է գործել, այդ բոլոր հնարավորություները կան: Դու ինչի՞ վրա ես հույսդ դրել»,- ասաց Ա.Մանուչարյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս