Բաժիններ՝

ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները ազատել են ՊՊԾ գնդում պահվող Շտապօգնության բուժակ Դավիթ Տոնոյանին:

Այս մասին «168.am»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքով՝ խմբի անդամները բուժակին քիչ առաջ են ազատ արձակել:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ երեկվա փոխհրաձգության հետևանքով վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամներին բուժօգնություն ցուցաբերել շտապող Շտապօգնության աշխատակիցները պատանդ են վերցվել խմբի անդամների կողմից:

Ավելի ուշ զինված խմբի անդամները ներկայացրել են պահանջ, որ Առողջապահության նախարարը և բժիշկների անձնակազմը ներկայանա ՊՊԾ գունդ` այնտեղ վիրահատություններ անելու համար, որի դիմաց ազատ կարձակեն շտապօգնության բժիշկներին:

Առողջապահության նախարարությունը ավելի վաղ հրապարակել էր իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած և պատանդ վերցված Շտապօգնության բուժաշխատողների անունները: Նրանք են բժիշկներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս