Զինված խմբի անդամները ձեռնարկել են ընդգծված հարձակողական գործողություններ. ԱԱԾ-ն պահանջում է
ՀՀ ոստիկնության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է զինված խմբի անդմաներին ուղղված ԱԱԾ նախազգուշացման տեքստը։
«2016թ.հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ՀՀ ոստիկանության պերապահակային գնդի տարածքի զավթման տասներորդ օրը զինված խմբի անդամները ձեռնարկել են ընդգծված հարձակողական գործողություններ՝ իրական սպառնալիք ստեղծելով մարդկանց կյանքին և անվտանգությանը։
Իրավիճակի նման կտրուկ փոփոխության հետևանքով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկադրված է կիրառելու զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված՝ օրենքով սահմանված համարժեք միջոցներ։
Այս կապակցությամբ ԱԱԾ-ն լիազորված է նախազգուշացնելու զինված խմբի անդամներին, որ սույն թվականի հուլիսի 27-ի ժամը 00.00-ից սկսած՝
Առաջին. ՀՀ ոստիկանության պերապահակային գնդի տարածքից խմբի կամ դրա որևէ անդամի զինված դուրս գալը կանխվելու է հրազենի կիրառմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ խմբի անդամը տարածքից դուրս է գալիս 2016 թվականի հուլիսի 24-ին զինված խմբին տրամադրված՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հրահանգներին համապատասխամ.
Երկրորդ. Հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածքի սահմաններում խմբի որևէ անդամի կողմից հրազեն կիրառելու, այդ թվում անկանոն կրակոցներ արձակելու դեպքում՝ զինված խմբի կամ դրա անդամների հակաիրավական գործողությունները խափանվելու են հրազենի կիրառմամբ։
Միևնույն ժամանակ ՀՀ ԱԱԾ-ն նախազգուշացնում է նաև, որ հատուկ միջոցառումների անցկանցման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու փորձերը նույնպես կանխվելու են հրազենի կիրառմամբ։
Հրազեն կիրառելիս հիմք է ընդունվելու այդ պահին առկա իրավիճակը, հաշվի են առնվելու
կատարվող հակաիրավական արարքների բնույթը, ինչպես նաև յուրաքանչյուր իրավախախտի անձը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերջին անգամ խստորեն պահանջում է զինված խմբից դրսևորել ողջախոհություն, կամովին վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձվել իշխանություններին։ Հակառակ դեպքում հնարավոր ծանր հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է զինված խմբի անդամների վրա»,- նշված է տեքսում։
Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը։