Ո՞ւր է հայրենասիրությունը
ՊՊԾ գնդի զինված հարձակման պահից սկսած ամենուր հայրենասիրության մասին գոռում-գոչյուններ են` հանրահավաքներում, մամուլի ակումբներում, և, իհարկե, ֆեյսբուքում: Իրականում, սակայն, վերջին տասը օրը լեցուն էր դրվագներով, որոնք աղերս անգամ չունեն հայրենասիրության հետ:
Հարձակման օրվա վերջին արդեն վստահաբար կարելի էր ասել, որ զինված խումբը կազմավորողներն ու խմբին առաջադրանք տվողներն առաջնորդվել են զոհերի գնով իրավիճակն ապակայունացնելու մտայնությամբ:
Նախ` ակնհայտ էր, որ նրանք գրեթե բացառել էին զինված խմբի անդամների ողջ մնալու հավանականությունը: Դեռ շատ ժամանակ չի անցել, ու ցանկության դեպքում կարելի է հիշել, որ զինված խմբի անդամները գրեթե ողջ օրը միայնակ էին, եթե չհաշվենք ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով պարզապես փորձում էր հասկանալ գնդում տիրող իրավիճակն ու զինյալներին:
Մինչդեռ Վարուժան Ավետիսյանի ֆեյսբուքյան էջում արդեն լուսադեմին տեղադրված «Սասնա ծռեր» խմբի կոչից բխում էր, որ արդեն հարյուրավոր խմբեր պետք է գործեին, որոնք պետք է գրավեին ոստիկանական բաժիններ, զինաթափեին ոստիկաններին և մի կարևոր առաջադրանք ևս՝ «ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել՝ ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության»: Ու հիմա հարց է ծագում. այդ խմբերը ձախողվե՞լ էին, թե՞ կազմակերպիչները խոստումներով խաբելով՝ մահվան դուռն էին ուղարկել «Սասանա ծռեր» խմբի անդամներին, որում, ինչպես հետագայում պարզվեց, կային նաև ազատամարտիկներ:
Երկրորդ` օրվա ընթացքում հստակ ասվեց, որ զոհեր պետք է լինեն ու կլինեն: «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն-հրահանգ տարածեց. «Ապստամբները չեն հանձնվելու ու մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը», որոշ քաղաքագետներ սկսեցին պնդել, թե «Սա ինքնազոհողության ակտ է»: Հետագայում հարթակից ելույթ ունեցողները «Սասնա ծռերին» պետք է կոչեին նահատակներ:
Երրորդ` տապալեցին Արցախի հերոս, գեներալ և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդական ջանքերի շնորհիվ ձեռք բերված ու կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղղված համաձայնությունները: ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարանի» և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, թե Վիտալի Բալասանյանը ստում է, երբ ասում է, որ Ժիրայր Սէֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չի դնում, և ուստի իրենք հրաժարվում են Վիտալի Բալասանյանի միջնորդությունից: Բայց իրականում Ալեք Ենիգոմշյանն էր ստում, քանի որ դեռևս հունիսի 18-ին «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ զրույցում, պատմելով իր միջնորդությամբ տեղի ունեցած իշխանությունների, «Սասնա ծռեր» զինված խմբավորման և Ժիրայր Սէֆիլյանի միջև բանակցությունների մասին, ասել էր. «Բայց, ինչպես ասացի, այս իրավիճակից դուրս գալու համար Ժիրայրը պատրաստ է հանդիպել, բանակցել, քննարկել, և գտնում եմ՝ այդ քննարկումների թեման Ժիրայրը բացարձակապես չի համարում, օրինակի համար, Սերժ Սարգսյանի հեռացումը, և այլն՝ այդ պահանջները, որոնք դրվել էին խմբի կողմից»:
Չորրորդ` երբ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարեց, որ զինված խմբի անդամները կարող են խուսափել պատասխանատվությունից, եթե զինված խմբի անդամները վայր դնեն զենքը, համակարգող խումբը շարունակեց «մինչև վերջին փամփուշտը» կրակելու կոչերը:
Եվ, ուրեմն, լավ կլինի, որ հայրենասիրությունից բարբաջողներն ասեն, թե ո՞րն է դավաճանությունը, եթե ազատամարտիկին անընդհատ զոհողության դրդելը, Արցախի հերոսին վարկաբեկել փորձելը, ԱՍԱԼԱ-ի մարտիկին մարիոնետ դարձնելն ու այս ամենից հետո ընդհատակում հարմարավետ պատսպարված ֆեյսբուքյան էջում գրառումներ անելը հայրենասիրություն է:
«Սասնա ծռեր» խմբավորմանը պաշտպանելու ելած «մարտիկները»` մտավորականներն ու քաղաքագետները, բնականաբար, նույնպես պետք է փորձեին իրենց սուբյեկտիվ գաղափարները փաթաթել պետության ու քաղաքացիների վզին: Բայց այդ մտքի գոհարներից անդրադառնալու եմ միայն մեկին: «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկումների ժամանակ քաղաքագետներից մեկն ասաց.
«Առաջարկում եմ իշխանություններին շփման գիծ ուղարկել ոստիկանների այն խմբի, որոնք ամսի 20-ին ծեծեցին ցուցարարներին»: Անհասկանալի է, թե ինչպես կարելի է շփման գիծ, իրականում՝ Արցախ, ուղարկել մարդկանց, որոնք անհամաչափ գործողություններ են կատարել՝ գերազանցելով իրենց լիազորությունները, և հետևաբար՝ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ու քանի որ անհեթեթ գաղափարներն ավելի հեշտ ու արագ են տարածվում, այս պահից սկսած կցանկանայի՝ բոլորը նկատի ունենան, որ Արցախը աքսորավայրի վերածելը հայրենասիրություն չէ:
1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված ահաբեկչությունից հետո Ազգային ժողովի շենքում գտնվողներին աջակցելու նպատակով շենքի մոտակայքում հսկայական բազմություն հավաքվեց. ողջ գիշեր վառված մնացին Երևան քաղաքի լույսերը: Մարդիկ անկեղծորեն մտահոգ էին բոլորի, այդ թվում՝ ներկայումս Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ճակատագրով: Հունիսի 17-ից անցել է տասն օր, և այս ընթացքում ոչ Ազգային ժողովը, ոչ էլ գոնե խորհրդարանական առանձին խմբակցություններ հարկ չեն համարել խոսել, հանգստացնել կամ ուղղորդել այն մարդկանց, ում վստահության քվեն փորձելու են ստանալ առաջիկա ընտրությունների ժամանակ:
Կասկած չկա, որ, երբ այս մղջավանջն ավարտվի ու իրենք կրկին տեղավորվեն պատգամավորի հարմարավետ բազկաթոռներին, հայրենասիրության ճառեր են ասելու: Արժե՞ արդյոք ասել, որ վախկոտությունն ու փոքրոգությունը հայրենասիրություն չէ, ինչպես և հայրենասիրություն չէ իշխանության կողմից սեփական քաղաքացիների ակնկալիքներն ու կարծիքն անտեսելը:
Եվ վերջում, քանի որ զինված խմբի գործողություններից անմիջապես հետո համացանցը ողողվեց հայաստանցիներին կոչով դիմող սփյուռքահայերի տեսահոլովակներով, ինչն ապացուցում էր, որ զինված հարձակման կազմակերպիչները նախապատրաստական մեծ աշխատանք էին տարել Սփյուռքում, մի քանի խոսք այդ տեսահոլովակների մասին:
Կային բավականին անկեղծ ու հուզիչ ելույթներ: Մարդիկ, ըստ էության, ասում էին, որ Հայաստանից հեռացել են սոցիալական անարդարության պատճառով, և Հայաստանում ապրողներից շատերը ոչ միայն լավ հասկանում են նրանց հոգեվիճակը, այլև իրենց մաշկի վրա են զգում: Բայց սրա հետ մեկտեղ՝ կային նաև կոչեր, ըստ որոնց՝ պետք է հասնել նրան, որ, երբ Հայաստանի նախագահն այցելի որևէ երկիր, նրա առջև կարմիր գորգ չփռեն:
Անշուշտ, սա զինված հարձակման կազմակերպիչների սրտից ու հոգուց էր բխում, և, այդուամենայնիվ, սիրելի սփյուռքահայեր, խնդրում եմ նկատի ունենալ, որ սեփական երկիրը մեկուսացնելու փորձերը հայրենասիրություն չէ: Ու կարիք չկա նաև հայտարարել, թե մենք հիմա ազատ երկրներում ենք ապրում` ինչ կուզենք՝ կասենք: Նախ` դրանով դուք արժեզրկում եք ձեր ողջ ասելիքը, ինչպեսև` արևմտյան արժեքները: Երկրորդ, հավատացեք, Հայաստանում էլ ինչ ուզում՝ ասում են, բայց, երբ մի օր արդեն փորձում են անել՝ տուժում են բոլորը: Եվ ուրեմն, խելառությունը նույնպես հայրենասիրություն չէ:
ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ