«Ի՞նչ է նշանակում՝ պատանդ վերցնել ձեզ օգնության եկած բժշկին. այս տղաները պիտի սթափվեն, հասկանան՝ ինչ են անում». Գառնիկ Իսագուլյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պատանդ են վերցրել բժիշկներին։

168.am-ի հետ զրույցում, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը, մեզանից տեղեկանալով այս մասին, ասաց.  «Հենց նոր ես Ձեզնից եմ լսում, որովհետև ինֆորմացիան հենց նոր ստացվեց։ Եթե պարզվի, որ այն իրականությանը համապատասխանում է, ապա այդ տղաներն այլևս իրենց համար, իրենց նկատմամբ վերաբերմունքի ոչ մի ճանապարհ չեն թողնում։ Ես չգիտեմ՝ սրանից հետո ի՞նչ կասեն քաղաքական ուժերը, բայց եթե պարզվի, որ որևէ մեկին նորից պատանդ են վերցրել, սա արդեն միանշանակ ահաբեկչություն է և արդեն պետք է ստանա համարժեք գործողությունների պատասխան, եթե պարզվի, որ պատանդ են վերցրել բժիշկներին, որոնք իրենց օգնելու են գնացել։

Կարծում եմ՝ իրենց համար արդեն վերջն է, իրենք պետք է շատ սթափ մտածեն։ Իրենք խնդրել են (շատ-շատերին դուրս չէին թողնում, որ գան բուժվելու), ընդառաջել են, բժիշկների են ուղարկել։ Ես չեմ կարծում՝ սրանից հետո Հայաստանում, աշխարհում որևէ կազմակերպություն գտնվի, որ սա գնահատի ոչ այլ կերպ, քան ահաբեկչություն, եթե, իհարկե, պարզի, որ դա ճիշտ է, և եթե դրանից հետո իշխանությունները, ուժային կառույցները հստակ գործողությունների անցնեն, ապա ես կարծում եմ՝ որևէ մեկն այլևս դատապարտելու իրավունք չունի։ Իսկ եթե կլինեն դատապարտողներ, առնվազն իրենք էլ մասնակից են այդ ահաբեկչությանը։

Սա նշանակում է՝ տղաներն արդեն սահմանն անցնում են, ներսում արդեն սթափ չեն, չեն գիտակցում՝ ինչ են անում. ի՞նչ է նշանակում՝ պատանդ վերցնել բժշկին. բժիշկ, ով եկել է օգնություն ցույց տալու քո վիրավորին. դա արդեն ոչ ոստիկան է, ոչ ուժային կառույցի ներկայացուցիչ, ոչ պետական պաշտոնյա։ Եվ պատերացրեք՝ հետագայում իրենք վիրավոր ընկնեն բժիշկների մոտ, ի՞նչ տեղի կունենա, եթե Աստված մի արասցե, բժիշկների վրայից մազ անգամ պակասի՝ թեկուզ արդեն փոխհրաձգության կամ շտուրմի ժամանակ։ Այս տղաները պիտի սթափվեն, հասկանան՝ ինչ են անում։

Կարդացեք նաև

Դրսի քաղաքական ուժերն էլ իրենց գցում են շատ ծանր վիճակի մեջ. պիտի հստակ որակում տան, ու, եթե այս պարագայում էլ ասեն, որ ապստամբ տղաներ են, որոնք բժիշկների, բուժքույրերի են կալանավորում, նշանակում է՝ այդ քաղաքական կազմակերպություններն էլ Հայաստանում այլևս անելիք չունեն, նրանք էլ այդ ահաբեկիչների հետ նույն շարքում պիտի դասվեն։ Ուրեմն թող մտածեն։ Մտածեն և՛ դրսի աջակցող ուժերը, և՛ ներսում գտնվող տղաները, եթե, իհարկե, պարզվի, որ այս տեղեկատվությունը, որ հենց նոր ստացվեց, համապատասխանում է իրականութանը։

Որակումը կարող է փոխվել։ Շատ արագ, բուժօգնություն ցուցաբերելուց հետո անմիջապես բաց թողնել բժիշկներին, անմիջապես. այլևս դա կարող է այլ հետևանքներ ունենալ։ Հնարավոր է՝ տարել են, որպեսզի բուժօգնություն ցույց տան, վիրահատեն, որից հետո թողնեն… Օպերատիվ ինֆորմացիային չեմ տիրապետում և ուղիղ զրույցի ժամանակ եմ իմանում այս ամենի մասին, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա այս տղաներին ոչ թե՝ ազատամարտիկների, այլ՝ ահաբեկիչների նկատմամբ պետք է հստակ գործողություններ անել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս