«Արգենտինայի, Չիլիի փո՞րձն են կիրառում ստեղ». Լևոն Բարսեղյան
Խորենացի փողոցում այս պահին ընթացող «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքի ընթացքում հարակից խաչմերուկից քաղաքացիական անձինք բռնել են 3 երիտասարդների, նստեցրել առանց պետհամարանիշների ավտոմեքենա ու տարել:
Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Նա հրապարակեց երիտասարդների անունները՝ Մհեր Մինասյան, Մելիք Դավոյան և Աշոտ անունով մի երիտասարդ, որոնց տարել են Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժանմունք:
Ըստ Լ. Բարսեղյանը՝ սա փորձություն է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) համար, որ հավանաբար հետևում է ուղիղ հեռարձակումներին:
Նա կոչ արեց խոչընդոտել մարդաորսին. «Արգենտինայի, Չիլիի փո՞րձն են կիրառում ստեղ, աշխարհը անցել է դա 40-50 տարի առաջ»:
Լ. Բարսեղյանը դիմեց իրավապաշտպան կազմակերպություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել այս մարդկանց պաշտպանելու համար: Նա տեղեկացրեց նաև, որ բերման են ենթարկել զինյալ խմբի անդամ Արայիկ Հարությունյանի (Միայնակ գայլ) եղբորը՝ իբրև թե զինյալների հետ հեռախոսային կապ հաստատելու համար: