Ալիեւը հաստատել է իր լիազորություններն ընդլայնող հանրաքվեի անցկացման ժամկետը
Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի լիազորություններն ընդլայնող հանրաքվեն կանցկացվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հրամանագիրն Ալիեւը ստորագրել է այսօր` հուլիսի 26-ին:
Արդեն երրորդ ժամկետ ընտրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հուլիսի 18ին սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ ուղարկելու մասին հրամանագիր է ստորագրել: Փոփոխությունները բացահայտ ուղղված են նախագահի՝ առանց այն էլ լայն լիազորությունների ընդլայնմանը: Ադրբեջանի սահմանադրական դատարանի հուլիսի 25ի նիստում կարծիք է հայտնել, որ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը չի հակասում սահմանադրության պահանջներին:
Այսպիսով` Ալիեւը կայծակնային արագությամբ, առանց համաժողովրդական քննարկման, ցանկանում է կյանքի կոչել սեփական լիազորություններն ընդլայնող հանրաքվեն: «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրել է, որ այդպիսով Ադրբեջանի սահմանադրական դատարանը «այո» է ասել երկրում Ալիեւների միապետության օրինականցմանը: Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների ինստիտուտի հաստատում, որոնց անձամբ նշանակելու է երկրի նախագահն առանց համաձայնեցնելու որեւէ մարմնի հետ: Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու եւ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:
Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիեւի այդ քայլի հետ կապված «Ազադլըգ»ը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիեւի այդ նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն», փախուստ ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող ցուցանիշ, ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստելն է, այլ ժառանգական իշխանության կյանքի երկարացումն է:
Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ Ալիեւի առաջարկած Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունները իշխանության վախի մեջ լինելու ցուցանիշն է: Նրա խոսքով` այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիեւի` ցանկացած չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, եւ հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց սահմանափակման, ազատորեն` իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:
Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ ՍԴ փոփոխությունները Ադրբեջանի ՍԴ կողմից հավանության արժանանալու հետ կապված Ալի Քերիմլին Facebookի իր էջում գրել է, որ ՍԴն հավանության է արժանացրել «երկրի սահմանադրության տեքստին եւ ոգուն հակասող փոփոխությունները»:«ՍԴն մեժել է փոփոխությունների քննարկմանը մեր մասնակցության իմ առաջարկը, ինչի իրավունքը օրենսդրությամբ մենք ունենք: Մեր իրավունքը խախտեց նաեւ ՍԴն: Հերթական անգամ ապացուցվեց, որ այս երկրում ոչ մի անկախ դատարան գոյություն չունի: ՍԴն եւս քաղաքական պատվեր կատարեց եւ կանաչ լույս վառեց հակասահմանադրական փոփոխությունների համար:
Սահմանադրությունը պաշտպանելու համար իրավական ճանապարհներն ավարտվեցին: Այլեւս այս երկրում իրավունքի, հանրապետության սկզբունքները վերականգնելու միայն մեկ ճանապարհ է մնացել` մեր իրավունքների համար նոր եւ զանգվածային Ժողովրդական շարժում», ասել է Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչը եւ նշել, որ որպես Ժողովրդական ճակատ կուսակցություն եւ ընդդիմադիր ուժերի «Ազգային խորհուրդ» շարժում, Ադրբեջանում խաղաղ հանրահավաքների կազմակերպման քննարկումներ են սկսում: