«Իրանը միտված է տրանսպորտային նոր երթուղիների ստեղծմանը». «Իրանի երկաթուղիների» փոխնախագահ
Իրանը միտված է նոր երթուղիների ստեղծմանը, հատկապես նրանց, որոնք կներառվեն տրանսպորտային միջանցքներում, ադրբեջանական Trend-ի հետ զրույցում ասել է «Իրանի երկաթուղիներ» միջազգային փոխադրումների և շահագործման փոխնախագահ Հոսեին Աշուրին:
Նրա խոսքով` երկաթուղային ճանապարհների ոլորտի զարգացման հարցը լինելու է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` Բաքու կատարելիք այցի օրակարգում:
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-ին Բաքվում:
Աշուրին ասել է, որ նախագահների հանդիպման ընթացքում բանակցությունների մի մասը, անկասկած, առնչվելու է նախորդ համաձայնագրերին, այդ թվում` երկաթուղային ճանապարհների միավորմանը:
«Հյուսիս-Հարավ» միջանցքի ավարտը Բաքվում բանակցությունների հիմնական հարցերից է: Իրանը շահագրգիռ է, որ նախագծի բոլոր հարցերը լուծվեն նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում»,- ասել է Աշուրին:
Նրա խոսքով` «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս կազմող «Կազվին-Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհի նախագիծը «Իրանի երկաթուղիների» համար առաջնային հարցերից է:
«Եվս մեկ նախագիծ է Իրանը Աֆղանստանին միացնող երկաթուղային ճանապարհը, որը մենք հուսով ենք շահագործման հասցնել մինչև Իրանի ֆինանսական տարվա ավարտը (ավարտվում է 2017թ. մարտին)»,- ասել է նա: