ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են զինված խմբի վիրավոր անդամներին
ՀՀ պարեկապահակային գնդի հարակից տարածքում հուլիսի 25 լույս 26ի գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և ՀովհաննեսՀարությունյանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները:
Հուլիսի 26ին` ժամը 01:00ի սահմաններում, ՊՊԾ գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ` դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան: Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և նրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա:
Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ: Ի պատասխան հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել:
Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել դեպի տարածք: Իրավապահներն անմիջապես բուժօգնություն են կանչել և առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են: Ներկայումս երկու վիրավորներն էլ գտնվում են հիվանդանոցում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորված անձինք են Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը