ՎԶԵԲ-ը մեծացնում է իր մասնակցությունը Lydian-ում
Lydian International Limited ընկերության տնօրենների խորհուրդը հաստատել է սովորական բաժնետոմսերի չմիջնորդավորված մասնավոր տեղաբաշխումը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնակցությամբ։ Գործարքը ենթադրում է, որ ՎԶԵԲ-ը ձեռք կբերի Lydian-ի 33.5 մլն հատ սովորական բաժնետոմս՝ 11 մլն 390 հազար կանադական դոլար ընդհանուր արժեքով։
Junior Mining Network-ի փոխանցմամբ, այս մասին պաշտոնական հաղորդագրություն է է տարածել Lydian International Limited ընկերությունը։
Նշենք, որ Lydian-ը Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոթիմ» ընկերության 100%-անոց սեփականատերն է։
ՎԶԵԲ-ը 2009 թվականից կարևոր ռազմավարական գործընկեր է հանդիսանում Lydian-ի համար։ Ներկայումս, ՎԶԵԲ-ն ունի ընկերության 12,038,780 սովորական բաժնետոմս, որը ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 1.8%-ն է։ Այս գործարքի արդյունքում՝ ՎԶԵԲ-ի բաժնետոմսերի թիվը կհասնի 45,538,780-ի, իսկ փայամասնակցությունը՝ 6.5%-ի։
«Մենք ուրախ ենք Ամուլսարի ոսկու հանքաքավայրի շահագործման մեկնարկային փուլում ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը ունենալու համար։ Այս ներդրումը լրացուցիչ անգամ վկայում է, որ Lydian-ը հավատարիմ է միջազգային արդյունաբերական լավագույն փորձին և չափանիշներին՝ նախագծողից արտադրող դառնալու այս անցումային փուլում»,- ասել է Lydian International-ի նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը: