«Էդ տղաները նախօրոք հայտարարել էին, որ զինված կպայքարեն. ինչո՞ւ չեն հրավիրել պետանվտանգություն, ասեն՝ «դուք ուզում եք մեր դեմ զենքո՞վ պայքարել». Սամվել Շահինյան
«Կոնկրետ բողոքի նման արտահայտության ձևը, որն անընդունելի է շատ ժողովուրդների մոտ, այնուամենայնիվ, բոլորի մոտ էլ լինում է, երբ կոնկրետ բողոքող կողմը չի կարողանում օրինական, սոցիալական, քաղաքական որևէ ճանապարհ գտնել իր մտքերը տեղ հասցնելու և ամրապնդելու համար, դիմում է զինված պայքարի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային պետություն» կուսակցության նախագահ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելու մասին:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ վերջին օրերի դեպքերը ցույց տվեցին, որ զինված պայքարի կողմնակիցները շատ են, և պատճառները նույնպես շատ են:
«Էդ տղաները նախօրոք էլ էին հայտարարել, որ իրենք զինված կպայքարեն իրենց նպատակի համար, նույնիսկ դրանից հետո գոնե չեն հրավիրել պետանվտանգություն՝ ասեն՝ «տղաներ, ո՞նց թե զինված պայքար, դուք ուզում եք մեր դեմ զենքո՞վ պայքարել»: Նման անտարբերությունը պետք է հասցներ սրան»,- նշեց Ս. Շահինյանը:
Ս. Շահինյանի խոսքով՝ մի քանի օր առաջ խնդրի հանգուցալուծումը եղավ, շատերը ստացան դիվիդենտներ, շատ դրական արդյունքներ ստացան:
«Տղաներն ապացուցեցին, որ իրենք տեռորիստ չեն, հերոսներ են, բայց միևնույն է, այդ հերոսները դուրս գալուց հետո օրենքի առաջ պետք է պատասխան տան՝ նստեն բերդում՝ որպես հերոսներ կամ քաղբանտարկյալ, և հետո պատվով դուրս գան, որովհետև, միևնույն է, մարդ է սպանվել, ու կատարվել են օրենքին հակազդող գործողություններ, բայց ժողովուրդն արդեն իրենց ընդունում է՝ որպես հերոսներ: Երկրորդը՝ իշխանությունները և նախագահը լավ հաղթաթուղթ ստացան, որ իրենց ժողովուրդը չի ընդունում միջազգային տարբեր պայմանագրերով կեղծ, շինծու համաձայնագրերը, նա ընդունում է իր կենսատարածքի վրա ապրելու իր մարդկային իրավունքը ու հանուն դրա պատրաստ է դատարկ ձեռքերով գնալ թե՛ թնդանոթի դեմ, թե՛ ավտոմատի դեմ»:
Մեր այն հարցին, թե՝ այսինքն, ամեն մեկը ստացավ այն, ինչ ուզո՞ւմ էր, Ս. Շահինյանը պատասխանեց՝ դեռ մի բան էլ ավելին:
«Կարող եք տեսնել՝ ամբողջ աշխարհը զարմացած է, թե ինչո՞ւ բոլորին չեն գնդակահարում, որովհետև իրենք հայկական մտածողություն չունեն, իրենք չեն հասկանում, որ «Սասնա ծռերը» մեր հայերն են, ոչ թե իրենց այն խուժանները, որոնք մտնում ու տեռոր են անում, չգիտես՝ ինչի՞ համար: Իրենք ասում են՝ մենք պատրաստ ենք մեռնելու, միայն թե խնդիրները լուծվեն, որոնք համազգային են: Մենք միայն իրենց մեթոդին ենք դեմ, բայց իրենք էլ ուրիշ ելք չեն տեսնում: Այս տղաները գնացել են մի քայլի, որը տեռորիզմի և հերոսության արանքում կարելի է գնահատել, իրենց զսպվածությամբ իրենք ոչ թե տեռորիստ դուրս եկան, այլ հերոս»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե՝ արտաքին ուժերի միջամտություն տեսնո՞ւմ եք այս ամենում՝ Ս. Շահինյանն այսպես արձագանքեց.
«Հերիք է՝ դրսին բոբո տեսնեք, դա նորմալ բան էր… բա պետք է մարդիկ մի օր հիստերիայի մեջ ընկնեին, չէ՞, ինչքա՞ն կարելի է անտեսել մարդու կարծիքը, էս մարդիկ էլ ընկան հիստերիայի մեջ, կատարեցին ոչ ադեկվատ քայլեր, բա ի՞նչ անեին»: