Աչքս հազիվ էի փակել, երբ տղաները ձայն տվեցին. «Հրամանատա՛ր, Գոռը գնում ա, Գոռը գնում ա»

Դասակի հրամանատար, լեյտենանտ Ֆահրադ Հակոբյանը մարտական հերթապահություն են իրականացնում  ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությունում: hayzinvor.am-ի հետ զրույցում Ֆահրադ Հակոբյանն ասել է.

– Հակառակորդի սանձազերծած լայնամասշտաբ գործողությունները փոխեցին երիտասարդ սպաներիս, փոխեցին զինվորի, զենքի, դիրքի նկատմամբ մեր վերաբերմունքը: Չէ, ճիշտ կլինի ասել` գլխիվայր շուռ տվեցին ծառայության մասին մեր ընկալումները: Զգաստացել ենք, լրջացել: Ավելի լավ ենք պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Հիմա չեմ դժվարանում անելիքներս դասակարգել առաջնայինի եւ երկրորդականի: Օրինակ՝ ինչ-ինչ ինժեներական աշխատանքներ մանրուք էի համարում, բայց պատերազմը ցույց տվեց, որ ամեն մի մանրուք կարեւոր է:

Մենք զորամասում էինք, միանգամից եկանք դիրք: Իմ դասակը ստանձնեց հենակետի պաշտպանությունը: Այստեղ հակառակորդը չկարողացավ հաջողության հասնել: Զինվորներս գերազանց գործեցին: Այդ օրը ես հասկացա` վատ զինվոր չկա:

Հարազատացանք եւ, ինչ թաքցնեմ, դա մեկ օրում եղավ: Եթե զինվորս թերանում էր, առաջ շատ խիստ էի խոսում, հիմա արդեն դժվարությամբ եմ նկատողություն անում: Մի դեպք պատմեմ: Անքուն գիշերներից հետո որոշեցի գոնե մեկ ժամ հանգստանալ: Աչքս հազիվ էի փակել, երբ տղաները ձայն տվեցին. «Հրամանատա՛ր, Գոռը գնում ա, Գոռը գնում ա»: «Ո՞ւր ա գնում»,- միանգամից գլխի չընկա: Վեր կացա, վազեցի, տեսնեմ` զինվորս հանդերձավորվել, նռնակներ վերցրած՝ խրամատով գնում է: Գնում էր հակառակորդի դիրքը պայթեցնելու: Մի կերպ նրան ետ պահեցի: Այսքանից հետո հնարավոր չէ զինվորին նույն աչքերով նայել:

Պատրաստեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս