«Եթե խնդիրն ավելի պետք է բարդանա, դա լավ տեղ չի տանելու և՛ խմբին, և՛ հասարակությանը, և՛ իշխանությանը». Ստյոպա Սաֆարյան

«Խմբավորման և իշխանության դիրքորոշումները կայուն կարծր են, սակայն կա քաղաքական լուծման հնարավորություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր Երևանում ՊՊԾ գնդի գրավման հետևանքով շարունակվող զարգացումներին՝ պատանդների ազատ արձակմանը, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների տված մամլո ասուլիսին և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և զինյալ խմբի անդամների միջև առաջացած տարաձայնություններին:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ որքան էլ դիրքորոշումները դեռևս կոշտ են, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ինչ-որ քաղաքական գործընթաց է գնում:

«Ես ուրախ եմ, որ ուժային զարգացումների փոխարեն՝ գոնե նման փոխակերպում ունենք: Կարծում եմ՝ խմբի անդամների նպատակն ամենևին հանցագործություններ կատարելը չէր, իրենք իրենց վարքագծով այս օրերին դա ապացուցեցին՝ պատանդներին ազատ արձակելով, և նաև, կարծեք թե, անուղղակի հասկացնում են, որ իրենք դեմ չեն քաղաքական գործընթացին: Այս պահին ունենք կայուն կարծր դիրքորոշումներ՝ մի կողմն ասում է, որ պետք է հանձնվեն, մյուս կողմն ասում է, որ չեն հանձնվելու, այս առումով ասել, որ դրական տեղաշարժ կա՝ ճիշտ չէ, կամ նման հիմք չկա, բայց, համենայնդեպս, գոնե քաղաքական գործընթացի միջավայր է ձևավորվում, որտեղ կարող են, անշուշտ, քաղաքական լուծումներ փնտրվել: Հետևաբար՝ ես կարծում եմ, որ և՛ իշխանությունն այս պահին ճիշտ որոշում կայացրեց՝ չգրոհելու և խնդիրն ավելի չբարդացնելու, և՛ տղաներն իրենք փակուղին մեղմեցին, որի միջավայրում հնարավորություն է ստեղծվել քաղաքական լուծում գտնելու: Հետևաբար՝ քաղաքական լուծումը, կարծում եմ, ժամանակի խնդիր է»,- ասաց Սաֆարյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-«Սասնա ծռեր» խմբավորման տարաձայնություններին՝ քաղաքագետը հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարել է, թե ինքն առնվազն ապահովում է արյունահեղության կանխումը: Ըստ Սաֆարյանի՝ եթե խումբը չի կարծում, որ քաղաքական գործընթացի մեջ իրենց վարքը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, իրենք պետք է ասեն, թե ով է ղեկավարում քաղաքական առումով:

«Իսկ այս պարագայում ես գնահատում եմ՝ քաղաքական գործիչների, ուժերի, պատգամավորների, Նիկոլ Փաշինյանի ներկայությունն այնտեղ ունեցել է իրավիճակը կայունացնող նշանակություն: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում շարժման տղաների օրակարգը, այդ մասին ինքը հստակ հայտարարել է, հետևաբար, իհարկե, «Սասնա ծռերը» պետք է որոշի, թե ով է հարթակին կանգնում և ով է տանում այս ողջ գործընթացը, այդ թվում՝ կրելով պատասխանատվություն բոլոր հնարավոր զարգացումների համար: Նիկոլն ակնհայտորեն ո՛չ ինքն է ցանկանում մտնել այդ պատասխանատվության տակ, ո՛չ էլ ինքը կարող է ներկայացնել նրանց օրակարգը: Թերևս, կարծում եմ, ճիշտ լուծումն այն է, որ տղաներն իրենք ասեն, թե ովքեր են կրում այդ քաղաքական պատասխանատվությունը քաղաքական գործընթացի համար:

Շատ պարզ կարելի է Նիկոլին ասել, որ իրենից ակնկալում են միայն ու միայն սա, մնացածի հետ կապ չպետք է ունենա, Նիկոլն էլ կասի՝ այն, ինչ իրենից ակնկալվում է՝ կարո՞ղ է կատարել, թե՞ ոչ: 2017 թվականի իրավիճակն ազդում է ներկայիս զարգացումների վրա, որովհետև մեզ այդ խորհրդարանական ընտրություններից ամիսներ են բաժանում: Եթե «Հիմնադիր խորհրդարանն» ունի իր ռազմավարությունը, ապա դա ինքն իր դերակատարները պետք է տանեն՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Խոսելով խմբավորման սպառնալիքից , թե իրենց պահանջների չկատարման դեպքում կգրավեն նոր շինություններ, քաղաքագետն ասաց, որ չի կարող ասել, թե որքան իրատեսական է այդ հայտարարությունը:

«Ակնհայտորեն, պետք է հասկանանք, թե դա ինչ-որ բան փոխո՞ւմ է, թե՞ ոչ, այսինքն՝ արդյունքը, եթե արդյունքը բռնությունը պետք է լինի, դրա կարիքը չկա, մեր պատմությունը լի է նման բռնություններով: Դժգոհության արմատները հասկանում եմ, ես ինքս այդ դժգոհությունների կրողն եմ, բայց պետք է հասկանանք, որ պետական հիմնարկի գրոհն օրենքով պատժելի արարք է, խաղուպար չէ, անմեղ բան չէ: Եթե խնդիրն ավելի պետք է բարդանա, դա, կներեք, լավ տեղ չի տանելու և՛ խմբին, և՛ հասարակությանը, և՛ իշխանությանը»,- ասաց Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս