Բաժիններ՝

«Եթե արդարադատությունը լռում է, խոսում են զենքերը». Պարգև Օհանյան

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: Այս օրերին տարբեր գնահատականներ են տրվում նրանց գործողություններին, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը նրանց ահաբեկիչ է անվանում՝ իր հաղորդագրություններից մեկում նշելով, թե «արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն՝ պատանդների, այլև՝ հանրության համար»:

168.am-ը թեմայի հետ կապված զրուցել է իրավաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ:

– Պարոն Օհանյան, ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են իրավաչափ «Սասնա ծռեր» խմբավորման և իրավապահ մարմինների գործողությունները նրանց հետ կապված:

– Իրավաչափության մասին, ցավոք, խոսք չի կարող լինել: Տեղի է ունեցել այնպիսի ակտ՝ այնպիսի հետևանքներով, որ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Իշխանությունների գործողություններն իրենց հետ կապված առայժմ իրավաչափ են: Ինչ վերաբերում է Սէֆիլյանին, ես չգիտեմ՝ նրան անազատության մեջ պահելու կամ ընդհանրապես նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար որքանո՞վ կան բավարար հիմքեր: Կարծում եմ՝ ենթադրություններ չարժե անել, պարզապես հավանաբար մարդիկ հույսները չեն դրել արդարադատության, մեր դատարանների վրա, այդ պատճառով էլ գնացել են այդ ծայրահեղ քայլին: Եթե արդարադատությունը լռում է, ապա խոսում են զենքերը (կարծում եմ՝ առաջինը չեմ, որ նման բան եմ ասում) և ոչ միայն՝ մեր երկրում: Տեսնում ենք թեկուզ ֆիլմեր, որ ԱՄՆ-ում կամ, այսպես կոչված, զարգացած երկրներում լինում են դեպքեր, երբ մարդիկ հասնում են անհուսության, արդարադատության վրա այլևս հույս չի լինում, գնում են ծայրահեղ քայլերի՝ ինքնասպանության սպառնալիք են ստեղծում՝ իրենց վրա գրավելով հասարակության և մամուլի ուշադրությունը կամ գնում են այլ քայլերի, իրենց հրկիզում: Դրանք ցավալի փաստեր են, որոնք միշտ եղել են, գուցե մեր իրականությանն էին խորթ: Ես չեմ կարծում, որ այդ ակտը կատարվել է այն դիտավորությամբ, որ կրակեն, սպանեն: Չի բացառվում, որ դա էքսցես է տեղի ունեցել՝ երբ մի բան նախատեսում ես, բայց հանգամանքների բերումով մի այլ բան է ստացվում. ենթադրենք՝ բնակարան ես մտնում կողոպուտի նպատակով, բայց տանտերը՝ տուժողը, դիմադրություն է ցույց տալիս, և սպանություն է տեղի ունենում: Չի բացառվում, որ այդպես է տեղի ունեցել, սակայն ամեն դեպքում դա արդարացում չէ, պիտի նախատեսեին, թե ուր են գնում, ինչի պիտի հասնեն այդ ծայրահեղ քայլով: Մեզ հեշտ է դատողություններ անել, փնովել, քննադատել, բայց ի՞նչ իմանաս, թե ինչ հանգամանքների զուգորդմամբ են այդ քայլին գնացել:

– Պարոն Օհանյան, առաջին օրերին իր հաղորդագրություններից գոնե մեկում ԱԱԾ-ն «ահաբեկիչ» բառն է օգտագործել: Իրավական առումով այս գործողությունները կարելի՞ է դիտարկել՝ որպես ահաբեկչություն, այդ անձանց էլ ահաբեկիչ անվանել: Անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիր տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ նույն ԱԱԾ-ն այս դեպքով քրեական գործ է հարուցել:

– Ցավոք, անմեղության կանխավարկածի հետ կապված մենք միշտ խնդիր ունենք: Ոչ միայն մեր երկրում, այլև տարբեր երկրներում նախագահների մակարդակով, խախտելով անմեղության կանխավարկածը, գնահատական են տալիս արարքին՝ նույնիսկ իրավաբան չլինելով, և այլն: Թեկուզ դիտարկենք Ֆրանսիայի դեպքերը: Բայց միևնույն ժամանակ, ամեն ինչ պետք չէ միանշանակ կամ ծայրահեղ ընդունել: Կան բաներ, որոնք ակնհայտ են: Կան ակնհայտ ակներևության պայմաններում կատարված հանցագործություններ՝ սպանություն է կատարվել: Չասե՞ս սպանություն: Այլ հարց է, որ հետո պետք է պարզել՝ սպանութունը դիտավորյա՞լ է կատարվել, թե՞ անզգույշ, թե՞ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, սպանողը մեղսունա՞կ է , թե՞ անմեղսունակ: Կոնկրետ այս դեպքում ես զերծ կմնամ գնատահական տալ և՛ ԱԱԾ-ի գնահատականին, և՛ նրանց: Ինչո՞ւ. անկեղծ ասեմ՝ մեր դատաիրավական պատմության մեջ ահաբեկչության փորձ, կարելի է ասել, գրեթե չունենք: Ինքս այդ առումով փորձ չունեմ, այնպես որ, զերծ կմնամ այդպիսի գնահատական տալուց: Քննությամբ պետք է ձեռք բերվեն բավարար հիմքեր՝ այդպիսի գնահատական տալու համար, և, ի վերջո, արդեն դատարանի կողմից գնահատվի կամ հաստատվի նախաքննության գնահատականը՝ որպես ահաբեկչություն:

 – Ելքն ինչպե՞ս եք տեսնում:

– Բարդ հարց է: Կարծում եմ՝ ամեն դեպքում պետք է փորձել հարցը լուծել բանակցությունների միջոցով, այնպես, ինչպես ամեն տեսակ նման գլոբալ հարց: Սա այն դեպքը չէ, մենք էլ Ամերիկան չենք, որտեղ խիստ մոտեցումներ են՝ մենք ահաբեկիչների հետ չենք բանակցում: Այդ իմաստով հարցը դիպուկ էր՝ որքանով է հիմնավոր ահաբեկիչ որակելը, որ հետո էլ հարցն այդպես դնենք: Կարծում եմ՝ պետք է բանակցությունների միջոցով կոմպրոմիսի գալ. իմ կարծիքով՝ ինչո՞ւ ոչ, պահանջը կարելի է բավարարել օրենքի շրջանակներում՝ Սէֆիլյանի խափանման միջոցը փոխել:

Դա դեռ ոչինչ չի նշանակի, որովհետև բոլորը հասկանում են, որ նախաքննությունը դեռ պետք է ընթանա, դատաքննություն լինի: Մյուս կողմից էլ՝ ես նաև լավ եմ հասկանում իշխանություններին, որ կարող է՝ այդ քայլին չգնան՝ թեկուզ ամբիցիաներից ելնելով՝ ինչո՞ւ պիտի ինձ զենքով ստիպես: Ես կարծում եմ՝ անգամ եթե իշխանություններն այդ քայլին չգնան էլ, միևնույն է՝ նրանք պետք է վայր դնեն զենքերը և հանձնվեն: Հանձնվեն ոչ թե՝ այն իմաստով, որ գնդակահարեն, այլ հանձնվեն, ինչո՞ւ ոչ, գնան, միանան իրենց ընկերոջը: Թող այդ ընթացքը շարունակվի: Նրանց նկատմամբ էլ հետապնդում կիրականացվի, թող ընթացքը շարունակվի: Նախ՝ կխուսափենք արյունահեղությունից, զոհերից:

Եթե գնացել են այդ քայլին, ուրեմն մտածել են, թող գնան, միանան իրենց ընկերոջը, եթե նրանց գործողությունները հասկացող հանրություն կա, նրանք կշարունակեն պայքարել: Այս ընթացքը կվերադառնա օրինական հուն և ոչ թե՝ օրենքից դուրս, որ ամեն վայրկյան լի է տարբեր վտանգներով: Կա՛մ պիտի պահանջը կատարվի, կա՛մ նրանք ասեն՝ լավ… Բայց չգիտեմ՝ դա այն տղանե՞րն են, որ գնացել են այդ քայլին, հիմա ասեն՝ լավ, հանձնվում ենք: Ցավալիորեն երևի պետք է փաստել, որ ոչ այն կլինի, ոչ մյուսը, ու կլինի այն, ինչը ոչ ոք չի կամենա, նույնիսկ մտքով չի անցկացնի: Բայց եթե զիջման չգնան, լավ չի լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս