«Շատերը խոսքերով ասում են, թե կողմնակից են այս խնդրի խաղաղ լուծմանը, այնինչ թաքուն հույս ունեն, որ առճակատումը կսրվի և իրենք ինչ-ինչ դիվիդենտներ կքաղեն». Ռուբեն Բաբայան
«Բոլոր դեպքերում բանակցելն ավելի ճիշտ է, քան չբանակցելը: Կարծում եմ՝ որքան երկար տևեն բանակցությունները, այնքան ավելի շատ են շանսերը, որ ինչ-որ ընդհանուր եզրահանգման կգան»,-168.am-ի հետ զրույցում խոսելով ԱԱԾ ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի միջև ընթացող բանակցությունների և դրանց արդյունքի մասին՝ ասաց մտավորական, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա համար ամենակարևոր հարցը նոր արյունահեղության կանխելն է: Ըստ Ռ. Բաբայանի՝ եթե երկու կողմն էլ սևեռվի այդ գաղափարի շուրջ, ապա կկարողանան ընդհանուր եզրեր գտնել ու որոշման գալ:
«Շատ կարևոր է՝ նրանք, ովքեր որոշում կկայացնեն, չպետք է իրենց վրա ճնշում զգան, ճնշողները միշտ գտնվում են ավելի անվտանգ վիճակում ու բարոյական իրավունք չունենք կողմերին թելադրելու, թե ինչ պետք է անել»,-նշեց Ռ. Բաբայանը:
Նա համոզված է՝ բոլոր նրանք, ովքեր ներքաշված չեն այդ առճակատման մեջ, պետք է սկսեն կամուրջներ կառուցել, որպեսզի կանխեն արյունահեղությունը:
«Ցավոք սրտի, երեք օրվա իմ շփումները և այն բազմաթիվ մեղադրանքները, որին ես արժանացա, բերեցին մի շատ ցավալի եզրակացության. անկախ նրանից, որ շատերը խոսքերով ասում են, թե կողմնակից են այս խնդրի խաղաղ լուծմանը՝ թաքուն հույս ունեն, որ առճակատումը կսրվի և իրենք կկարողանան ինչ-ինչ դիվիդենտներ քաղել: Ես այս կեղտոտ խաղին բացարձակապես ոչ մի ցանկություն չունեմ այս կամ այն ձևով մասնակից դառնալու: Շատ ավելի կտրուկ կխոսեի՝ և՛ իշխանության մասին, և՛ գործող որևէ զինված խմբի մասին, բայց կարծում եմ՝ այսօր դրա պահը չէ»,-նշեց մտավորականը:
Մեր հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ ասելով, որ փորձում են ինչ-ինչ «դիվիդենտներ շահել», Ռ. Բաբայանը պատասխանեց, որ ինքը հիմա կոնկրետ անուններ չի ուզում տալ.
«Կարծում եմ, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են անկեղծ իրենց գնահատականների մեջ: Ես կարծում եմ՝ ևս մեկ անգամ շատ կարևոր է, որ հասարակությունը քաղաքական ուժերի խաղալիքը չդառնա, հասարակությունը ինքը պետք է քաղաքական ուժերին թելադրի՝ ինչ է ուզում, ոչ թե շարժվի նրանց ցանկությունով»:
Ռ. Բաբայանի խոսքով՝ դժվար է ասել, թե այն օրվանից, ինչ սկսվեց այս ամենը, մենք ավելի մոտեցե՞լ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, թե՞ հեռացել ենք.
«Երևի թե պետք է լինել այդ բանակցությունների գոնե ականատեսը կամ վկան, որ կարողանաս դատել՝ ի՞նչ է կատարվում ներսում: Հասարակական գնահատականների տեսակետից, կարծում եմ, որ ամեն օր ավելանում է հասարակության ճեղքվածքը, անջրպետը, որը ևս անթույլատրելի է: Մենք թշնամանքով են սկսում իրար վերաբերվել: Այն կարծիքը, որը մեր կարծիքին չի համապատասխանում՝ ընկալվում է որպես դավաճանական կամ թշնամու դիրքորոշում. սա շատ վտանագվոր բան է: Անհանդուրժողականությունը սկզբունքայնություն չէ, անհանդուրժողականությունը ուղեղի պակաս է, երբ դու չես մտածում հետևանքների մասին»,-ասաց մտավորականը:
Մեր զրուցակիցը հայտարարեց, որ ինքն իրական համախմբման կողմանկից է.
«Հաճախակի այդ համախմբումը մատուցվում է հետևյալ ձևով՝ «եկեք իմ շուրջը համախմբվեք»… այնինչ, դա համախմբում չէ: Համախմբումը նա է, երբ մենք փորձում ենք իրար հասկանալ՝ մտահոգված լինելով միայն մի հարցով՝ մեր երկրի առաջընթացով: Գուցե կսխալվենք այդ ճանապարհին, ստիպված կլինենք մի քայլ հետ անել՝ մեր դիրքերը վերանայելու համար, բայց միայն այդ իմաստով մենք պետք է կարողանանք լսել միմյանց: Մենք հիմա գոռում ենք և մեզ թվում է՝ ով ավելի բարձր գոռաց, նա ավելի ճիշտ է: Իրականում ճիշտը նա է, ով փորձում է լսել»: