«Երևանում ստեղծվել է նոր իրավիճակ, որին Կրեմլը պատրաստ չէ». Վադիմ Դուբնով
168.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովը
– Վադիմ, «Սասնա ծռեր» խմբավորումը, որը հուլիսի 17-ին գրավել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդն Էրեբունի թաղամասում, շարունակում է մի քանի ոստիկանների պահել պատանդի կարգավիճակում, բանակցել իշխանությունների հետ, որին զուգահեռ՝ Երևանում բողոքի ակցիաներ են կամակերպվում, ոմանք «Սասնա ծռերի» տղաներին համարում են հերոսներ, ոմանք՝ ահաբեկիչներ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում Երևանում և ինչո՞ւ:
– Իրավիճակը կիրակի օրվանից հետո փոխվում է: Սկզբում թվում էր, թե Հայաստանի Հանրապետության նախագահը, ակնհայտորեն, շահում է ստեղծված իրավիճակից, քանի որ նա էական հաղթաթղթեր էր ստանում այս իրավիճակի արդյունքում: Նույնիսկ ընդդիմադիրները ստիպված էին լինում, եթե ոչ՝ ուղղակի կերպով, ապա՝ անուղղակիորեն չաջակցել այն անձանց գործողություններին, որոնք գրավել են ՊՊԾ գունդը: Թվում էր, թե նա շահում է: Երկրորդ հանգամանքը, որն արտաքին օգտագործման համար էր շահավետ նրա համար, այսինքն՝ նա կարող էր ցույց տալ Մոսկվային, թե որքան վտանգավոր է իր դրությունը երկրի ներսում, և որքանով վտանգավոր է իր նկատմամբ ճնշումների բանեցումը, քանի որ ճնշում, ինչպես երևում է, իսկապես կա:
Բայց վերջին ժամերին՝ երեկվանից սկսած, իրավիճակը սկսեց փոխվել, քանի որ որոշակի աջակցություն բարձրացավ՝ ի օգուտ «Սասնա ծռերի» տղաների, և կարևոր չէ, թե ովքեր էին հավաքվել հրապարակում, այլ այն, որ այլ քաղաքական ուժեր են որոշակիանալու և ի հայտ գալու: Այն իրավիճակը, որ կար շաբաթ օրը, այսօր արդեն չկա: Եթե կիրակի օրը գործիչները կարող էին չեզոք դիրքորոշում հայտնել, այսօր նրանք պետք է փնտրեն ելքեր այդ անորոշության մեջ ինչ-որ դերակատարություն ստանձնելու համար: Ամենակարևորն այն է, որ այն, ինչ առավելություն էր թվում, այսինքն՝ այն, որ նախագահը կարող էր սա ներկայացնել՝ որպես Ղարաբաղյան արձագանք, ներկայումս Ղարաբաղյան արձագանք կարող է դառնալ: Մոսկվայի ճնշման փաստը ԼՂ հարցում գուցե դեռ ակնհայտ չէ, բայց դժգոհությունն այդ ուղղությամբ զարգանալու է սպասվող փուլում:
– Շատերը կապ են տեսնում այս իրավիճակի ու ԼՂ-ի շուրջ բանակցությունների միջև: Գիտեք, որ այսօր շատերը խոսում են ԼՂ-ի շուրջ շրջանների վերադարձի մասին և պնդում են, որ Ժիրայր Սէֆիլյանը կապեր ունի Մոսկվայի հետ, ուստի նման կերպով Մոսկվան ճնշումներ է բանեցնում Երևանի նկատմամբ, որպեսզի այս լարված իրավիճակում հեշտ լինի վերադարձնել տարածքներ: Ի՞նչ եք կարծում այս մասին: Կան խոսակցություններ արևմտյան հետքի մասին ևս:
– Ես այդքան էլ չեմ հավատում արտաքին հետքին: Չեմ կարծում, որ սրանում միջամտություն կա Ռուսաստանից կամ Արևմուտքից: Կարծում եմ՝ սա բնազդային արձագանք է՝ ոչ այնքան մտածված, ոչ այնքան գիտակցված ու ծրագրված, իսկ իշխանությունը կանգնել է գրոհելու և չգրոհելու խնդրի առջև՝ քաղաքային պայմաններում նման բան է տեղի ունենում, դրան պետք վերջ տալ, սակայն հասկանալի չէ, թե գրոհը, որը արյունահեղության կբերի, ինչպիսի արձագանք կստանա բնակչության կողմից: Հասարակությունն ու ընդդիմությունը կարող են չաջակցել Սէֆիլյանին, չաջակցել այդ խմբին, բայց պարզ չէ, թե ինչպիսին կլինի արձագանքը, եթե արյուն թափվի: Այս հարցն իշխանությունն իրեն տալիս է ու պատասխան չի գտնում, դրանով է բացատրվում այս դադարը:
Բացի դրանից, առաջին օրերին իշխանությունը փորձում էր որոշակի դիվիդենտներ քաղել ստեղծված իրավիճակից, այսօր իրավիճակը փոխվում է, այս ամենը ձեռք է բերում մի կողմից՝ տրագիկոմեդիկ, մյուս կողմից՝ վտանգավոր բնույթ:
– Ըստ Ձեզ՝ այս փխրուն իրավիճակում ինչպե՞ս պետք է գործեն իշխանությունները՝ իրավիճակը ճիշտ հանգուցալուծելու համար:
– Շատ դժվար է իշխանությանը խորհուրդներ տալ, շատ դժվար է խորհուրդներ տալ այն իշխանությանը, որը թույլ է տվել նման զարգացումներ ընդհանրապես վերջին տարիների ընթացքում, իսկ այն իրավիճակում, որում պատրաստվում է ՀՀ և ՌԴ ԶՈՒ պատվիրակությունների հանդիպումը միացյալ խմբավորման հարցերը քննարկելու համար, հարցերի կայացման այն համակարգի շարունակությունն է, որը եղել է վերջին տարիների ընթացքում:
Ուստի միակ բանը, որ կարելի է անել, սկզբունքորեն վերանայել որոշումների կայացման համակարգը, որն անհնար է: Բայց Սէֆիլյանի հետ կապված իրավիճակը բարդ է, պետք է շատ ուշադիր լինել և պահպանել օրենքը և թույլ չտալ արյունահեղություն. շատ նեղ է այդ որոշման դաշտը: Որքան էլ ես քննադատական վերաբերմունք ունենամ ՀՀ իշխանությունների նկատմամբ, ընդդիմության պահանջները՝ գրաված անձանց ազատել պատասխանատվությունից, աբսուրդ եմ համարում, քանի որ հանցագործություն է կատարվել, պետք է պատասխանատվություն կրել դրա համար:
– Ձեր կարծիքով՝ Կրեմլն ինչպե՞ս է ընդունում և գնահատում այս գործընթացները:
– Բավականին դժվար է պատասխանել այդ հարցին: Ես այնքան էլ չեմ հասկանում տարածքները վերադարձնելու նպատակով Մոսկվայի ճնշումների էությունն ու պատճառը: Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ի՞նչ կշահի Մոսկվան, եթե Ադրբեջանին ինտեգրի, չեմ կարծում, թե դա այն շահույթն է, որի համար կարելի է այդքան վտանգի ենթարկել այս տարածաշրջանը, քանի որ այն չափազանց պայթյունավտանգ է, այդ տրամաբանությունը ես չեմ հասկանում: Ուստի, ես կարծում եմ, որ Կրեմլում հետաքրքրությամբ, որոշակի լարվածությամբ, անհանգստությամբ են հետևում իրադարձություններին: Իմ համոզմամբ՝ սա Մոսկվայի համար անսպասելի էր, և սա նոր իրավիճակ է Երևանում, որին Մոսկվան պատրաստ չէ: