Մեղադրանք է առաջադրվել դատական ակտերի հարկադիր կատարողին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բաժնի հարկադիր կատարողը, իր վարույթում գտնվող կատարողական վարույթով կատարողական գործողությունների ընթացքում, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, 2013 թվականի փետրվարի 19-ին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» արձանագրությունն ու բնակարանի առուվաճառքի մասին պայմանագիրը չի ստորագրել և առանց «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքի, օրեր անց որոշում է կայացրել աճուրդում հաղթած անձի կողմից աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, իբր, ստորագրելուց հրաժարվելու հիմքով հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած հայտարարելու և կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ նշանակելու մասին, ինչի հետևանքով կրկնակի աճուրդի ժամանակ նշված բնակարանը ձեռք է բերել մեկ այլ անձ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: