«Գիշերը հրահանգավորեցին՝ շրջանաձև պաշտպանության անցնել. Պարզվեց՝ հակառակորդը դիրքավորվել էր 25 մետր հեռավորության վրա»

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գոռ Երիցյանը մարտական հերթապահություն է իրականացնում  ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությունում: hayzinvor.am-ի հետ զրույցում Գոռ Եիցյանն ասել է.

– «Եթե ֆիզիկապես կոփված ես` անպարտելի ես»: Իմ ծառայության նշանաբանն է: 14 տարեկան էի, երբ ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Այստեղ հասկացա, որ ես պետք է վազեմ արագ եւ երկար, պետք է ուժեղ լինեմ: Կրակել քեզ կսովորեցնեն, իսկ կոփվել պարտավոր ես ինքդ:  Սկսեցի զբաղվել ձեռնամարտով:

Մասնակցեցի տարբեր մրցումների, հաջողություններ ունեցա: Երկու անգամ էլ ճանաչվեցի լավագույն հրաձիգ: Արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում համոզվեցի, որ սպան պետք է պատրաստ լինի ամենաբարդ առաջադրանքների կատարմանը, ինչի համար միայն ժամանակակից զենքը բավարար չէ: Ֆիզիկական պատրաստվածություն եւ տոկունություն. ահա այն որակները, որ ամենից առավել են պետք գալիս մարտական հերթապահության ժամանակ:

Հայրս` Արարատ Երիցյանը, որ Արցախյան պատերազմի մասնակից է, հետախույզ, միշտ ասում է՝ եթե մարմինդ պատրաստ է ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, ուրեմն ավելի արագ կարձագանքես վտանգին, կդիմադրես քաղցին, անքնությանը, չես շփոթվի արտակարգ իրավիճակներում: Քառօրյա պատերազմի ժամանակ իմ մաշկի վրա զգացի՝ այդպես է: Մի քանի օր անընդմեջ ակտիվ պաշտպանություն ենք իրականացրել: Գիտեք՝ պատերազմը նախ եւ առաջ սպառում է ֆիզիկական ուժդ հատկապես առաջին մարտերում: Եվ անձնակազմի մարտական կարողություններն ուղիղ համեմատական են յուրաքանչյուր զինվորի ֆիզիկական պատրաստությանը:

Մինչ այս պատերազմը իմ անձնակազմով երեք դիվերսիոն ներթափանցման փորձ ենք կանխել: Երեք անգամ թշնամուն կորուստներ պատճառելով՝ ետ ենք շպրտել ելման դիրքեր:  Հատկապես մեկն անմոռաց է: Մեկ-մեկ անսպասելի վարժական տագնապ էի կազմակերպում՝ ստուգելու, թե  արդյոք տղաները կարողանո՞ւմ են կենտրոնացնել իրենց ուժերը եւ կատարել պահանջվող խնդիրը: Գիշերը հրահանգավորեցին՝ շրջանաձեւ պաշտպանության անցնել: Պարզվեց՝ հակառակորդը դիրքավորվել էր 25 մետր հեռավորության վրա: Լսելով առույգ հերթափոխի կանչը՝ մտածեցին, որ նկատել ենք իրենց: Կրակ բացեցին, եւ վարժանքը վերածվեց իրական գործողության: Կորուստներ կրեցին եւ փախան:

Ապրիլյան պատերազմից հետո դասակի մարզումներին փորձելու եմ ավելի  շատ ժամանակ տրամադրել: Իհարկե, լավ կլինի, որ դիրքերում մարզվելու համար համապատասխան միջոցներ լինեն»:

Պատրաստեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս