Բաժիններ՝

«Հակված ենք ամբողջությամբ կառուցողական լինելու և ընդունում ենք մեր ազգային շահերը ռազմավարական մակարդակով պահպանելու դիմաց ցանկացած տարբերակով հանգուցալուծում տալը». Վարուժան Ավետիսյան

168.am-ի զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության փոխնախագահ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Երևանում հուլիսի 17-ի վաղ առավոտյան, ժամը 5:30-ի շրջակայքում, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները և «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը։ «ՀՀ մայրաքաղաքում ապստամբություն է սկսվել»,- սոցիալական ցանցերով տեղեկացրել էին «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) անդամները: Վ. Ավետիսյանը, ի թիվս այլ թիմակիցների, գտնվում է պարեկապահակային ծառայության գնդի գրավված շենքում, որը շրջապատված է ոստիկանական ուժերով: Նրանք իրենց հետ րպես պատանդ են պահում արդեն թվով 4 բարձրաստիճան և այլ ոստիկանների: Ըստ «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների՝ այս պահին բանակցություններ են ընթանում այս տարվա հունիսի 20-ից Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող իրենց առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև՝ իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ:

-Պարոն Ավետիսյան, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանն ասել է, որ Ժիրայր Սէֆիլյանը պատրաստ է իշխանությունների հետ բանակցել, և պարտադիր չէ, որ քննարկեն այն պահանջները, որ «Սասնա ծռերն» են ներկայացնում: Ի՞նչ կարող եք դրա հետ կապված ասել:

-Կա Ժիրայր Սէֆիլյանի կողմից առաջարկված երրորդ տարբերակ, որը հնարավորություն կտա այս իրավիճակը խաղաղությամբ հանգուցալուծելու և այդ իրավիճակը քննարկվում է, մենք էլ հետևում ենք այդ բանակցություններին և նաև մեր ընդառաջ քայլերն ենք կատարում՝ կոնստրուկտիվ լինելու մեր պատրաստակամությունը ցույց տալու համար:

-Այդ երրորդ տարբերակն ի՞նչ տարբերակ է:

-Մեր փոխադարձ պայմանավորվածությամբ՝ խորհրդապահական է դա, չենք հայտնում այդ մասին, որովհետև նոր-նոր է սկսվում քննարկումը:

– Ժիրայր Սէֆիլյանի առաջարկած տարբերակը որքանո՞վ է ընդունելի Ձեզ համար:

-Մենք դեռ քննարկում ենք դա, այդ տարբերակը ամբողջական ձևավորված էլ չէ, պետք է ձևավորվի: Երբ կձևավորվի՝ այդ ժամանակ նոր կարող ենք վերջնական կարծիք հայտնել, դեռ ձեռնպահ ենք մնում այդ մասին կարծիք հայտնելուց: Հակված ենք ամբողջությամբ կառուցողական լինելու և ընդունում ենք մեր ազգային շահերը ռազմավարական մակարդակով պահպանելու դիմաց ցանկացած տարբերակով հանգուցալուծում տալը:

– Ասում եք՝ դեռ քննարկվում է, այսինքն՝ որոշակի հակասություններ կա՞ն այդ երրորդ տարբերակի հետ կապված:

-Դեռ նախնական գաղափարը և մինչ դրա քննարկումը նախապատրաստական փուլ կա, այդ նախապատրաստական փուլում ենք մենք գտնվում, որոշակի դիրքորոշումներ ենք ճշտում, որ հասնենք դրան:

-Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ ոստիկանական ուժեր են մոտենում այդ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի տարածք, որտեղ դուք եք գտնվում, ի՞նչ է կատարվում:

-Հավանաբար մոտենում են ժողովրդի շարժն այս կողմը թույլ չտալու համար, որովհետև Օպերայի տարածքից ժողովուրդը քայլում է այս ուղղությամբ, քիչ անց մենք կճշտենք, դիտարկում ենք տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս